«2010 թվականից սկսվել է Հայաստանի պետական կառավարման համակարգի փլուզումը»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը: Նա նշեց, որ կառավարել՝ նշանակում է կանխատեսել, իսկ մեր կառավարիչները, ըստ Մեսրոբյանի, կանխատեսումից և կառավարումից «այնքան հեռու են, որքան խոզը տուրնիկից»:
Մեսրոբյանը հիշեցրեց, որ երբ մշակվում էր 2010 թվականի բյուջեն, այնտեղ գնաճի տոկոսադրույքը հաստատվեց 4 +-1,5 սահմաններում, և բոլորը հայտարարում էին, թե դրանից ավելի գնաճ 2010 թվականին մենք չենք ունենալու:
«Բայց միայն պաշտոնական տվյալներով, 2010 թվականին 9,4 տոկոս գնաճ արձանագրվեց։ Ստացվում է, որ մեր կառավարիչները իրենց կանխատեսումներում 3 անգամ սխալվեցին»:
Մեսրոբյանը շեշտեց, որ անգամ եթե գազի գինը չաճի, 2011 թվականին մենք ավելի մեծ գնաճ ենք ունենալու:








































