2010թ. նոյեմբերին «Շանթ» հեռուստաընկերության նկարահանող խմբի` Սևանի նախկին կինոթատրոնի շենքում կրոնական կազմակերպության անդամներին նկարահանելու հետևանքով սկսված դատական վիճաբանությունը, որը ավարտվել էր հեռուստաընկերության հաղթանակով, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում նորից է վերսկսվել, սակայն դատական գործի նույն ատյանով երկրորդ շրջապտույտում ևս այն այսօր մերժվեց:
Չնայած Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 2011թ. հուլիսի 13-ին կայացրած վճռով Սևանի Ավետարանական եկեղեցու առաջնորդ Վլադիմիր Բաղդասարյանին մեղավոր էր ճանաչել «Շանթ» հեռուստաընկերության լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու մեջ, իսկ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը հետագայում մերժել էր Բաղդասարյանի ներկայացրած բողոքը` ուժի մեջ թողնելով առաջին ատյանի դատարանի որոշումը, վճռաբեկ դատարանը այս տարվա հունիս ամսին բավարարել էր Ավետարանական եկեղեցու առաջնորդի և նրա պաշտպանների դիմումը, որով նրանք դատախազին խնդրել էին միջնորդել քրեական գործեր հարուցել ՀՀ քրեական օրենսգրքի 147-րդ (Բնակարանի անձեռնմխելիությունը խախտելը) և 226-րդ (Ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելը) հոդվածների հատկանիշներով:
Մասնավորապես, հունիսի 8-ին ՀՀ վճռաբեկ դատարանը որոշել էր բեկանել վերաքննիչ դատարանի 2011թ. դեկտեմբերի 12-ի որոշումը և գործն ուղարկել ստորադաս դատարան` նոր քննության:
Այնպես որ` ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում այսօր կրկին դատական նիստ է կայացել, որի ընթացքում արդեն երկրորդ անգամ կրոնական կազմակերպության ներկայացուցիչները բողոքարկել են Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը, քանի որ Գեղարքունիքի դատարանը վճռաբեկ ատյանի որոշմամբ գործի նոր քննություն նշանակելուց հետո էլ մերժել է Աշոտ Հարությունյանի, Վլադիմիր Բաղդասարյանի և պաշտպան Ռոբերտ Ռևազյանի դիմումները` քրեական գործի հարուցման պարտավորեցման մասին:
Վերաքննիչ ատյանը իր այսօրվա որոշմամբ մերժեց կրոնական կազմակերպության ներկայացուցիչների բողոքը: Այնպես որ` վերջիններս արդեն երկրորդ անգամ պատրաստվում են նույն հարցով դիմել ՀՀ վճռաբեկ դատարան: Հարցին` այս անգամ է՞լ վճռաբեկը կբեկանի ստորադաս ատյանների որոշումը, թե՞ ոչ` պաշտպան Ռոբերտ Ռևազյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում դժվարացավ պատասխանել` նշելով միայն, որ այն հանգամանքը, որ գործով ողջամիտ ժամկետները ակնհայտորեն խախտված են, անհերքելի է:
Նշենք, որ առաջին ատյանի դատարանը Վլադիմիր Բաղդասարյանին մեղավոր էր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասով՝ լրագրողի օրինական մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու համար, և նշանակել 200 հազար դրամ տուգանք: Միևնույն ժամանակ, դատարանը համաներման ակտն է կիրառել` Բաղդասարյանին ազատելով պատժի կրումից:
Իսկ դեպքը հետևյալն էր. 2010թ. նոյեմբերին «Շանթ»-ի նկարահանող խումբը (լրագրող՝ Արփի Սուքիասյան, օպերատոր՝ Էդուարդ Պետրոսյան) մտել էր Սևանի նախկին կինոթատրոնի շենք, որը մասնավոր սեփականություն է, առանց պատշաճ ներկայանալու և թույլտվության նկարահանել էր կրոնական կազմակերպության անդամներին։ Շենքի համասեփականատեր Վլադիմիր Բաղդասարյանը, որը Սևանի «Ավետարանի հավատքի քրիստոնյաների միաբանության» կրոնական կազմակերպության առաջնորդն է, նրանց շենքից դուրս է հրավիրել, սակայն լրագրողները չեն ենթարկվել: Արդյունքում վիճաբանություն էր սկսվել, որի ընթացքում, «Շանթ»-ի օպերատորի խոսքերով, Վ. Բաղդասարյանը քաշքշել ու ապտակել է իրեն։
Այս մասին պատմող տեսանյութը «Շանթ»-ը եթեր էր հեռարձակել, որի հիման վրա դատախազությունը քրեական գործ է հարուցել Վլադիմիր Բաղդասարյանի դեմ՝ լրագրողի օրինական մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու համար: Իսկ Բաղդասարյանը ոստիկանություն էր դիմել մասնավոր սեփականության անձեռնմխելիությունը խախտելու հիմքերով, սակայն հաղորդմանը ընթացք չէր տրվել:
Դեռևս անցյալ տարվա հունիս ամսին «Ավետարանի հավատքի քրիստոնյաների միաբանության» հոգևոր հովիվը դիմել էր «Շանթ» հեռուստաընկերություն՝ պահանջելով հերքում: Սակայն Բաղդասարյանի փաստաբան Ռոբերտ Ռևազյանի խոսքերով՝ «Շանթ»-ը որևէ կերպ չի արձագանքել: Օգոստոսին արդեն Վլադիմիր Բաղդասարյանը դիմել էր դատարան՝ պահանջելով «Շանթ»-ին պարտավորեցնել հերքելու հրապարակված տեղեկատվությունը, որը խախտում է իր անմեղության կանխավարկածը: Հայցվոր կողմը հերքում էր պահանջել, քանի որ դեռ ուժի մեջ չէր մտել լրագրողների աշխատանքը խոչընդոտելը հաստատող դատավճիռը: Սակայն Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը համարել էր, որ հեռուստաընկերությունը գործել է օրենքի շրջանակներում և չի խախտել անմեղության կանխավարկածը:









































