Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հունգարիայի ԱԳՆ-ն անհեթեթություն է անվանել այն տեղեկատվությունը, թե պաշտոնական Բուդապեշտը դիտարկում է Ադրբեջանի հետ դիվանագիտական հարաբերությունների սառեցման հարցը:
Այս մասին հայտնել է Հունգարիայում Ադրբեջանի դեսպան Վիլայաթ Գուլիևը: Վերջինիս խոսքերով՝ այսօր նա հանդիպել է Հունգարիայի ԱԳՆ-ի՝ Արևելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի ու Կենտրոնական Ասիայի դեպարտամենտի տնօրեն Էրնե Կեշենիի հետ, որն էլ այդ տեղեկատվությունն անվանել է անհեթեթություն:
Հունգարիայի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է, որ Բուդապեշտը մտադիր է հետագայում նույնպես զարգացնել հարաբերությունները բոլոր երկրների հետ՝ ներառյալ Հայաստանն ու Ադրբեջանը, եթե, իհարկե, պաշտոնական Երևանը ցանկանում է դա:










































