Грузия Online-ի փոխանցմամբ՝ այսօր առավոտյան իր կնոջ՝ Մերի Հարթնետի հետ Թբիլիսի է ժամանել Վրաստանում ԱՄՆ նորանշանակ դեսպան Ռիչարդ Նորլանդը: Վրաստանում Նորլանդը հայտարարել է, որ իր ներդրումն է ունենալու Վրաստանում ժողովրդավարության զարգացման ու խաղաղության ամրապնդման հարցերում:
Նորլանդն ընդգծել է, որ վերջին անգամ Վրաստան է այցելել 1993 թվականին, որից հետո այդ երկրում շատ բան է փոխվել. «Վրաստանը շատ բանի է հասել ժողովրդավարության կառուցման ճանապարհին, սակայն նա այդ ճանապարհին դեռ պետք է հաղթահարի բազմաթիվ մարտահրավերներ: Ես ուրախ եմ, որ հնարավորություն ունեմ իմ ներդրումն ունենալու այդ գործընթացում»:
Պլանավորված է, որ ամերիկացի դիվանագետն այսօր իր հավատարմագրերը կներկայացնի ԱԳՆ և Վրաստանի նախագահին, որից հետո կկարողանա ձեռնամուխ լինել իր պարտականությունների կատարմանը:
Նորլանդը Վրաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում փոխարինել է Ջոն Բասսին՝ այդ պաշտոնում ամերիկյան Սենատի կողմից հաստատվելով այս տարվա մարտի 29-ին: 57-ամյա Ռիչարդ Նորլանդն ունի 32-ամյա դիվանագիտական աշխատանքային փորձ:
Հիշեցնենք, որ այսօր Վրաստան պետք է ժամանեն նաև ամերիկացի սենատորներ Ջոն Մաքքեյնը և Ջոզեֆ Լիբերմանը:










































