«Առավոտ»-ը զրուցել է ԼՂՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանի հետ:
– «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանը երեկ կրկին խորհրդարանում շրջանառության մեջ է դրել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու մասին» օրենքի նախագիծը: Ի՞նչ կտա ԼՂՀ-ն ճանաչելու Հայաստանի քայլը հիմա: Դա, Ձեր կարծիքով, ճի՞շտ քայլ կլինի:
– Չեմ կարծում, թե «Ժառանգության» նախաձեռնությունը կքննարկվի: Ուստի ձեռնպահ եմ մնում ենթադրական «զարգացումների» շուրջ դատողություններից:
– Այս օրերին առաջարկներ եղան նաև բանակցային գործընթացը դադարեցնելու մասին, սակայն ՀՀ արտգործնախարարի` երեկ արած հայտարարությունից կարելի է ենթադրել, որ ԼՂՀ հարցով բանակցային գործընթացը շարունակվելու : Ինչպե՞ս եք վերաբերվում դրան:
– Արդեն ասել եմ, որ չափազանց դժվար է լինելու բանակցել ցանկացած մակարդակի ադրբեջանցի պաշտոնյայի հետ: Բայց և ավելացրել եմ, որ քաղաքականությունը զգացմունքների ոլորտից չէ: Մնում եմ այդ տեսակետին: Ավելին, ինձ թվում է` դա նաև արժանապատվության խնդիր է` կարողանալ դիմացինի հետ դեմ առ դեմ հանդիպմանը նրան կոչել իր իսկ անունով: Իսկ առհասարակ, ի՞նչ է նշանակում խզել բանակցությունները: Հետո՞: Դիվանագիտությունը անձերի հարաբերության խնդիր չէ: Ամեն ինչից վեր է պետական շահը: Իսկ դա պահանջում է մինչև վերջ սառնասիրտ և սթափ մնալ:
– Երեկ նաև Մինսկի խմբի համանախագահ Ֆրանսիայի ԱԳՆ-ն է հայտարարել, որ Ադրբեջանի որոշումը կարող է լրջորեն վնասել բանակցային ջանքերը: Ի՞նչ հնարավոր զարգացումներ կարող են լինել բանակցային գործընթացում:
– Արտառոց` ոչ մի, եթե Իրանի հարցում ֆորս-մաժորային իրավիճակ չստեղծվի:
– Միջազգային հանրության արձագանքը ադեկվա՞տ եք համարում կատարվածին, և ի՞նչ կարող է հիմա փոխվել այդ հայտարարությունների արդյունքում: Դրանք այդպես էլ հայտարարությո՞ւն կմնան, թե՞ իրավիճակ կփոխվի:
– Միջազգային հանրության հրապարակային արձագանքը գնահատում եմ ոչ ադեկվատ: Սակայն չեմ բացառում, որ Ադրբեջանը մի տևական ժամանակ խնդիրներ կունենա: Իրավիճակ, իհարկե, կարող է փոխվել: Գիտե՞ք, ես մի ներքին զգացողություն ունեմ, որ Իլհամ Ալիևը Ռամիլ Սաֆարովից երկյուղած է: Վերջին տարիներին մարդասպանը «գրողական հակումներ» ուներ: Հնարավոր է` Իլհամ Ալիևը զգուշացել է, որ նա կարող է «չափազանց շատախոսել», և ամեն ինչ արել է` լռեցնելու Սաֆարովին: Չէ` որ հունգարական բանտում գտնվելով` նա շատ ավելի մեծ ազատություն էր վայելում, բան հիմա` Բաքվում:
– Կիսո՞ւմ եք տեսակետը, որ Սաֆարովի էքստրադիցիան ԱՄՆ-ՌԴ խաղն է:
– Ոչ: Ոմանք ասում են` դա արվել է, որպեսզի Հայաստանը «Ադրբեջանին պատերազմ հայտարարի», ուրիշները Սաֆարովի էքստրադիցիան կապում են Իրանի հանդեպ ԱՄՆ ծրագրերի հետ: Իհարկե, ցանկացած տեսակետ գոյության իրավունք ունի: Ելնելով «անմեղության կանխավարկածից»` ինքս էլ համարձակվում եմ ենթադրել, որ հարցի «լուծումը» գտնվել է Հունգարիա-Ադրբեջան գործարքի հարթությունում: «Միջնորդներ», գուցե թե, եղել են: Ամենահետաքրքրականն այն է, որ ադրբեջանցիները գրեցին, թե ՆԱՏՕ-ի անդամ Հունգարիան «առանց ԱՄՆ-ի համաձայնության չէր համարձակվի գնալ այդ քայլին»: Նման դեպքերում սովորաբար բաց տեքստով ոչինչ չի ասվում, մանավանդ` Ադրբեջանի նման երկրում, որտեղ ցանկացած խոսք ենթարկվում է պետական ցենզուրայի:







































