Իռլանդիայի խոշորագույն մասնավոր վարկատուն, պարզվել է, Franklin Templeton ներդրումային ընկերությունն է, որը հուլիսի վերջին երկրի պարտքերի մեջ ներդրել էր 6.1 մլրդ եվրո: Այս մասին գրում է The Financial Times-ը: Ընկերության ղեկավարն է ներդրող Մայքլ Հեյզենստաբը:
Ներդրողներն ընդհանուր առմամբ ոչ հետևողականորեն ձեռք են բերում իռլանդական պարտքերը՝ զգուշանալով, որ դրանց արժեքը կարող է ընկնել այն դեպքում, եթե ճգնաժամից հետո իռլանդական տնտեսության վերականգնումը թույլ լինի: Իռլանդիայի պետական պարտատոմսերի շուկան մեծ չէ և բարձր լիկվիդայնություն չունի: Նման շուկայից հնարավոր չէ լայնածավալ դուրսբերում առանց խոշոր կորուստների:
Մրցակիցները նշում են, որ հենց Հեյզենստաբի գնումներն էլ դարձել են ընթացիկ տարում շուկայում իռլանդական պարտատոմսերի հաջողության պատճառը: Միևնույն ժամանակ, ինքը՝ ներդրողը, պնդում է, որ հիմնադրամի ընդհանուր պորտֆելում Իռլանդիայի պարտավորությունները մեծ չեն: Ընդհանուր առմամբ հիմնադրամը պահում է 158 մլրդ դոլարի տարբեր երկրների պետական պարտատոմսեր:
Templeton հիմնադրամը 21-րդ դարի սկզբին իր հաջողություններով գերազանցեց աշխարհի խոշորագույն պետական պարտատոմսերի հիմնադրամին՝ Pimco Total Return-ին: Բացասական արդյունքներ կազմակերպությունն ունեցել է միայն 2 անգամ՝ 2005թ. և 2011թ.:
Իռլանդիան 2009-2010թթ. սուր տնտեսական ճգնաժամ էր ապրում: Նրա ՀՆԱ-ն երկու տարում նվազել է մոտ 8 տոկոսով, իսկ բանկային համակարգը փրկվեց միայն ԵՄ միջամտության շնորհիվ:









































