Հայաստանի հասարակությունը Ռամիլ Սաֆարովի դեպքից հետո արդարացիորեն վրդովված էր Ռուսաստանի լռությունից:
Թվում էր, որ Հայաստանի ռազմավարական գործընկեր համարվող Ռուսաստանը, ով նաև Հայաստանում ռուսական ռազմակայանների մասին պայմանագրով ստանձնել է Հայաստանի անվտանգության սպառնալիքի դեպքում օժանդակության պարտավորություն կամ իրավասություն, պետք է առաջինը դատապարտեր այն քայլը, որը դիվանագիտական և բարոյական լուրջ հարված էր իր դաշնակցին, էլ չասած, որ իր մեջ պարունակում էր նաև անվտանգության լուրջ սպառնալիքներ: Բայց Ռուսաստանը լուռ էր երեք-չորս օր և միայն այսօր` ընդամենը քիչ առաջ է հանդես եկել դատապարտող հայտարարությամբ:
Հայաստանի հասարակությունն այդ առումով միանգամայն իրավացի հարցադրումներ էր անում, իսկ շատ խմբեր ու շերտեր էլ միանգամայն հիմնավոր կերպով մատնացույց էին անում այն, որ իրականում Ռուսաստանի համար Հայաստանի շահն ու անվտանգությունը ոչինչ են, և Մոսկվան ընդամենը իր նպատակներն է հետապնդում, և չտեսնելով իր անմիջական շահը` նա որևէ կերպ չի էլ փորձի նկատել հայկականը: Մենք հերթական անգամ դարձանք դրա ականատեսը: Սակայն խնդիրն այստեղ նաև այլ է:
Մենք արդարացիորեն վրդովված ենք Ռուսաստանի այդ դանդաղկոտությունից, բայց կարծես թե մեր ուշադրությունից դուրս է մնացել մեկ այլ բան՝ Լեռնային Ղարաբաղի լռությունը: Թե ինչու էր լռում Ռուսաստանը` պարզ է կամ գրեթե պարզ է, իսկ թե ինչու է մինչև այսօր լռում Լեռնային Ղարաբաղը` դա արդեն երևի թե միայն Ղարաբաղի իշխանություններին է հայտնի:
Ինչո՞վ է զբաղված պաշտոնական Ստեփանակերտը` այն դեպքում, երբ տեղի ունեցող իրադարձությունները անմիջականորեն առնչվում են նաև հենց Լեռնային Ղարաբաղի անվտանգությանը: Ինչո՞ւ որևէ պաշտոնական տեսակետ, դիրքորոշում, հայտարարություն չկա Ղարաբաղից: Արդյոք Ստեփանակերտը այս ամբողջ պատմության մեջ չի՞ տեսնում իր անելիքը, և արդյոք չի՞ ուզում, որ Լեռնային Ղարաբաղը որպես ինքնուրույն, լիարժեք սուբյեկտ երևա այս պատմության մեջ, ցույց տա, որ ինքը կա և չի կարող անտարբեր լինել իր ճակատագրին անմիջապես առնչվող հարցերում:
Այս անտարբերությունն ու իներտությունը, այս` ըստ էության վախվորած սպասողականությունն ու դիտորդականությունը հատուկ են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների քաղաքականությանը արդեն մի քանի տարի: Միշտ թվում է, որ ամեն մի նոր առիթը, առավել ևս` մտահոգիչ ու վտանգավոր առիթը, կարող է ի վերջո խթան լինել այդ քաղաքականությունից, այդ իներտությունից հրաժարվելու և վերջապես սուբյեկտություն ցուցաբերելու: Սակայն ամեն անգամ Ստեփանակերտը հակառակն է ցույց տալիս: Այդպես է նաև այս անգամ, ինչի մասին երևի թե պետք է հոգ տանեն նաև Հայաստանում, որովհետև այստեղ շատ էական է, որ երկու հայկական պետությունները կարողանան փոխլրացնել միմյանց իրենց գործողություններով:
Խոսքը ամենևին նույն բանը երկու բերանով ասելու մասին չէ, այլ նույն հարցի վերաբերյալ փոխադարձ շահերը հաշվի առնելով` փոխօգնության մասին, դիվանագիտական ոլորտում երկուստեք գործողություններով հակառակ ճամբարին նորանոր խնդիրներ առաջադրելու, իսկ աշխարհին էլ կենսունակ սուբյեկտի կերպարով ներկայանալու և սեփական համարժեքությունը վկայելու մասին: Մինչդեռ այս ամենի փոխարեն` ընդամենը լռություն:
Հետաքրքիր է, թե գոնե Երևանից կամաց կշշնջա՞ն Ստեփանակերտին, որ վերջապես պետք է մի բան անել կամ ասել, թե՞ այդ լռությունը հենց Երևանից է թելադրվում` ինչպես միշտ, և ընդունվում հնազանդորեն` ինչպես միշտ:







































