Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը ներկայում ուսումնասիրում է իրադրությունը Սիրիայում՝ կապված այսօր մամուլում հայտնված լուրերի հետ, որ Սիրիական Ազատ բանակի առաջնորդները սպառնացել են ոչնչացնել Հալեպի և Դամասկոսի օդային տարածքներում հատնված բոլոր օդանավերը, և ավիաընկերություններին զգուշացրել են երեքշաբթի օրվանից թռիչքներ չիրականացնել: Ինչպես «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հայտնեց ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանը, կանոնավոր կապ չկա և ճշտել, թե որքանով են այդ սպառնալիքները իրական, դժվար է:
Տ. Բալայանը որպես օրինակ բերեց տարածված այն լուրերի հերքումը, որ Հալեպում 6 հայերին սպանել էին ազգային պատկանելության պատճառով:
«Այդ լուրը ճշտելու համար աշխատանքներ տարվում են, այս պահին որևէ հստակ բան ասել չեմ կարող»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ գրոհայինների սպառնալիքի հետ կապված հստակ տեղեկություն ստանալու համար ազգային ավիափոխադրող «Արմավիա» ավիաընկերությունը նույնպես դիմել է ԱԳՆ:
Սիրիական Ազատ բանակի առաջնորդների նախազգուշացումը, որ Հալեպ և Դամասկոս թռիչքները երեքշաբթի օրվանից սկսած կարող են վտանգավոր լինել, ուրբաթ օրը հրապարակել էր «Աշ-Շարկ ալ-աուսատ» թերթը: Նշվում էր, որ քաղաքացիական օդանավակայանները կարող են դառնալ Սիրիական ազատ բանակի ուժերի օբյեկտներ, քանի որ «դրանք ռազմական ավիացիայի նպատակներով օգտագործվում են հանցագործ վարչակարգի կողմից, որը հարվածներ է հասցնում սիրիական ապստամբներին»:







































