Դեռ այս տարվա փետրվարին, ինչպես հայտարարել էր էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը, միջազգային փորձագետներ էին ժամանել Հայաստան՝ «Նաիրիտի» արդիականացման ու վերականգնման ծրագիրը գնահատելու համար: Այս մասին «Առաջին լրատվական»-ին հայտնել էր հենց նախարարը՝ նշելով, որ եզրակացությունը պատրաստ կլինի մոտ 2 ամսում: Սակայն մինչ օրս փորձագետների ոչ մի եզրակացություն չի հրապարակվել: Նախարարության լրատվական ծառայությունից մեզ հայտնեցին, որ առայժմ ոչինչ չկա, երբ արդյունք լինի՝ կհրապարակեն:
«Նաիրիտի» աշխատակիցներից մեկը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հաստատեց, որ 2 օր առաջ աուդիտորների խումբ է այցելել գործարան և հայտնել, որ այդ աուդիտն իրականացնում է ԻՏԵՐԱ կազմակերպությունների միջազգային խումբը, որը հենց հետաքրքրված է «Նաիրիտ գործարան» ընկերության կառավարչի դերը ստանձնել:
Այն մասին, որ ԻՏԵՐԱ-ն «Նաիրիտի» արտադրության արդիականացման նպատակով կառավարչի հավակնորդների թվում է, հայտարարել էր նաև նախարար Մովսիսյանը անցած տարի՝ նոյմբերին:
Հիշեցնենք, որ ԻՏԵՐԱ-ն 2009 թ-ին դուրս էր եկել «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի բաժնետերերի կազմից՝ իր 4.45% բաժնետոմսերը վաճառելով «Գազպրոմ» ընկերությանը:
Ներկայում «Նաիրիտի» 90% բաժնետոմսերի սեփականտերը Rhinoviille Property Ltd կոնսորցիումն է, որի մասնակիցներն են լեհական Sawex, ամերիկյան Intertex և ռուսական «Եվրոգազ» ընկերությունները:








































