Ֆրանսիացի մոդելյոր Ժան-Պոլ Գոտյեն հույս ունի, որ Ջոն Գալյանոն` Dior-ի ստեծագործական տան նախկին տնօրենը, կվերադառնա նորաձևության աշխարհ, ով հակասեմական գաղափարներ արտահայտելու պատճառով աշխատանքից հեռացվել էր, իսկ վերջերս էլ զրկվել պարգևներից, հաղորդում է Contactmusic պորտալը: Գոտյեի կարծիքով՝ նորաձևության աշխարհը զգում է անգլիացի դիզայների կարիքը և սպասում նրա վերադարձին:
«Կարծում եմ, որ Ջոնը կվերադառնա: Նա շատ տաղանդավոր է և մենք բոլորս նրան սիրում ենք: Նա չի կարող հենց այնպես ավարտել իր գործունեությունը»,- հայտարարել է Գոտյեն:
Մոդելյորը չի հստակեցրել, թե ինչպիսի կարգավիճակում կցանկանար տեսնել Գալյանոյին` որպես հագուստ արտադրող առանձին ընկերությա՞ն, թե՞ որևէ այլ նորաձևության տան ղեկավար: Գոտյեն նշել է միայն, որ կցանկանար նրան տեսնել նորաձևության աշխարհում ցանկացած կարգավիճակում: Ֆրանսիացին նաև նշել է, որ գոհ է Dior-ի կայացրած որոշումից` Գալյանոյի փոխարեն ստեղծագործական տան տնօրեն Ռաֆ Սիմոնսին նշանակելու համար:










































