«Երեկ Կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկեց «Փուչիկների» գործով դատավարությունը, և դատարանի դահլիճը լեփլեցուն էր վիրակապերով, ձեռնոցներով ու դեմքը թաքցնող գլխարկներով երիտասարդներով: Նրանք տուժող են ճանաչվել և դատակոչվել են: Եվ ահա այս սարսափելի տեսարանի ֆոնին դատարանի դահլիճում առանձնանում են երկու անձինք` դատավոր Գագիկ Պողոսյանը և մեղադրող Հակոբ Մարտիրոսյանը»,- գրում է «Հայկական ժամանակ»-ը և հավելում.
«Կարելի է արձանագրել, որ սա արդեն կայուն դուետ է: Մի դուետ, որը ոչ մի հոգեբանական բարդույթ չունի իշխանական պատվերները կատարելու և աղաղակող ապօրինություններ թույլ տալու հարցում: Հենց այս դուետը անցած ամիս, առանց կարմրելու, ապօրինի վճիռներով երկուսից վեց տարվա ազատազրկման դատապարտեց ընդդիմադիր 4 երիտասարդ ակտիվիստներին: «Փուչիկների» գործում իշխանական պատվերը այլ բնույթ ունի: Այս դուետին պատվեր է իջեցվել ոչ թե ինչ-որ մեկին դաժանաբար պատժել, այլ արմատապես արդարացնել հենց իշխանության` ՀՀԿ-ի «երիտասարդ ակտիվիստներին»: Նրանց, ովքեր կազմակերպել էին մայիսի 4-ի միջոցառումը: Ինչ էր տեղի ունեցել: Միջոցառման ավարտին փուչիկները պետք է բարձրանային երկինք: Դրա համար կազմակերպիչները պատվիրել էին 7 հազար փուչիկ: Որպեսզի դրանք թռչեին դեպի վեր, պետք է լցված լինեին օդից թեթև գազով: Այդ փուչիկները լցված են եղել մեթանով, որը դյուրավառ է: Կազմակերպիչները շատ լավ իմացել են, որ այդ փուչիկները պայթյունավտանգ են և միջոցառման մասնակիցներին զգուշացրել են, որ զգույշ լինեն: Այդուհանդերձ, ինչ-որ մեկը զգույշ չի եղել, և հազարավոր փուչիկներ պայթել-այրվել են՝ տարբեր աստիճանի այրվածքներ պատճառելով հարյուրավոր մարդկանց, հիմնականում երիտասարդների:
Հիմա ո՞րն է վերը նշված դուետին իջեցված իշխանական պատվերը: Նրանք պետք է հնարավորինս լուրջ դեմքով «քննեն» և «պարզեն», որ միակ մեղավորը ամբաստանյալ Սերոբ Բոզոյանն է` մի խեղճուկրակ մարդ, որն իր օրվա հացը վաստակում է բերանով փուչիկ փչելով և դրանք վաճառելով: Պիտի «քննեն» ու «պարզեն», որ այդ խեղճուկրակը միայնակ 7 հազար փուչիկ է մեթանով լցրել: Պիտի «քննեն» ու «պարզեն», որ ՀՀԿ-ի միջոցառման կազմակերպիչները, ներկայումս Աժ ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Ավագյանի գլխավորությամբ, բոլորովին տեղյակ չեն եղել, որ փուչիկները լցված են մեթանով: Պետք է «քննեն» ու «պարզեն», որ կազմակերպիչները չեն` քիչ փող ծախսելու նկատառումներով, պատվիրել մեթանով լցնել փուչիկները, ոչ թե` հելիումով, ինչպես պահանջում են անվտանգության տարրական կանոնները: Այս պահին կարող ենք արդեն գրազ գալ, որ Պողոսյան-Մարտիրոսյան դուետը հենց այդպես էլ «քննելու» է, և հենց դա էլ «պարզելու» է:
Ինչ վերաբերում է տուժողներին, ապա նրանք չեն շփվում լրագրողների հետ ու առանձնապես չեն էլ դժգոհում, որ գործը չի բացահայտվել, և իրական մեղավորները չեն պատժվելու: Ինչ մեթոդներով նրանց ժամանակին «փաթեթով» քշում էին ՀՀԿ-ի հանրահավաքներին, նույն մեթոդներով էլ հիմա փակել են նրանց բերանը»:










































