Դաշնակցության բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը չափազանցված է համարում տարածված այն լուրերը, որ սիրիահայերը զինվել են և սիրիական բանակի հետ պաշտպանում են հայկական թաղամասերն ու իրենց տները։
«Ես կարծում եմ, որ այդ լուրերը չափազանցված են, իրականությունն այն է, որ սահմանափակ հնարավորություններով փորձում են հայկական հաստատությունները, իրենց բնակված, բնակելի տները զերծ պահել, այսպես ասած… այս ընթացքի մեջ նաև կան բաշիբոզուկներ, կան թաղային խուլիգաններ, հանցագործ տարրեր` դրանցից ապահովել իրենց բնակարանները և իրենց շինությունները։ Բայց մասնակցել այս ամեն ինչին` այդպիսի բան գոյություն չունի», – «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է Մարգարյանը։
Նրա խոսքերով` սիրիահայերը տվյալ երկրի քաղաքացիներն են, կարող են ունենալ տարբեր դիրքորոշումներ, կարող են լինել իշխանության կամ ընդդիմության հետ, բայց համայնքը` իբրև հավաքականություն, այս ամենում չեզոքություն է պահպանում` «այն առումով, որ պատերազմը, կռիվը, եղբայրասպան կռիվը չի կարող ընդունի իբրև ելք` այս վիճակից դուրս գալու, և ինքը առանձնաբար չպետք է փորձի որևէ կողմի համար թիրախ դառնալ»։
Դաշնակցության բյուրոյի ներկայացուցիչը ասել է, թե ցավալի է, որ այդ պատերազմական գործողություններում նաև հայեր են զոհվում, սակայն պետք է ուշադրություն դարձնել այն հանգամանքի վրա, որ Սիրիայում, բարեբախտաբար, որևէ հակահայկական շարժում, հակահայկական ակցիա դեռևս չկա։
Իսկ ինչ վերաբերում է սիրիական ընդդիմության կողմից հայկական համայնքի հասցեին հնչեցված սպառնալիքների մասին տեղեկություններին, ապա Հրանտ Մարգարյանը կարծում է, որ «դա ընդդիմության մեկ խմբակ էր, ոչ թե ամբողջ ընդդիմությունն էր, և ընդդիմությունը իր ընդհանրության մեջ հերքեց այդ լուրը` ասել է, որ իր հետ կապ չունի»։









































