Հայաստանում սիրիահայերին աշխատանք առաջարկող ընկերություններում մեծ աշխուժություն դեռ չեն նկատել: «Առավոտ»-ը գրում է, որ սպասարկման ոլորտում աշխատանք առաջարկած «Հավանա» ռեստորանային համալիրի աշխատակազմի ղեկավարի պատմելով, իրենց դեռ երեք երիտասարդ է դիմել, բայց առաջարկվող աշխատանքով այնքան էլ չեն հետաքրքրվել. «Մատուցող, խոհարար, բարմեն… և տեխնիկական աշխատակազմը` սպասք լվացող և հավաքարար, դրանք են մեր ծառայությունները, բայց առանձնապես ակտիվություն չի նկատվել»: Թերթի զրուցակիցը չցանկացավ ներկայացնել աշխատավարձի չափը:
Աշխատանք փնտրող սիրիահայեր չեն դիմել նաև «Ադամիում» ընկերություն: Կադրերի բաժնի աշխատակցուհի Քրիստինե Ստեփանյանն ասաց, որ պահանջում են գործավարուհիներ` 70.000 դրամ աշխատավարձով, մենեջերներ` միջինը 200.000 դրամ աշխատավարձով, և առաքիչներ. «Բայց դիմողներ չեն եղել»:








































