Իսլանդիայում մոլորված օտարերկրացուն գտել են մի քանի ժամ անց որոնման աշխատանքներին մասնակցող խմբի մեջ, հաղորդում է Iceland Review-ն:
Որոնողական աշխատանքները սկսել են Իսլանդիայի հարավային լեռնային շրջաններում օգոստոսի 25-ին, երբ հայտնաբերվել է, որ ուղևորներից մեկը կարճ դադարից հետո չի վերադարձել ավտոբուս: Մեկ ժամ անց ավտոբուսի վարորդն այդ մասին հայտնել է ոստիկանությանը, և սկսվել են որոնողական աշխատանքները: Դրանցում ներգավվել են մոտ 50 մարդ, առափնյա պահակախումբը պատրաստվում էր նույնիսկ օդ բարձրացնել ուղղաթիռներ, սակայն մառախուղի պատճառով դա չարվեց:
Միայն գիշերվա ժամը երեքին պարզ դարձավ, որ «մոլորված» կնոջը որոնող 50 անձանց մեջ է նաև այն կինը, ում որոնում են: Առափնյա պահակախմբի սպաներից մեկը տեղեկացրել է, որ կինն ինքն իրեն չի ճանաչել մոտավոր նկարագրության պատճառով և չի էլ հասկացել, թե ում են որոնում:
Պարզվել է, որ ուղևորուհին դադարի ընթացքում ժամանակին է վերադարձել ավտոբուս, հասցրել է հագուստը փոխել, դիմահարդարվել և էքսկուրսիայի մյուս մասնակիցները չեն ճանաչել նրան: Սխալ հաշվելով սրահում նստածների թիվը, որոշել են, որ մի կին մոլորվել է և տագնապ են բարձրացրել:







































