Օգոստոսի 29-ին, Մայր Աթոռ Ս. Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է «Կենգուրու» միջազգային մաթեմատիկական մրցույթում Հայաստանի հաղթողներին և ՀՀ մարզերում ու Արցախում լավագույն արդյունք արձանագրած դպրոցականներին:
Հանդիպման սկզբում «Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Տ. Մեսրոպ քահանա Արամյանը Ամենայն Հայոց Հայրապետին ներկայացրել է «Կենգուրու» միջազգային մաթեմատիկական մրցույթի կազմակերպման գործընթացը և 2012 թ. հաղթողներին:
Այնուհետև Ամենայն Հայոց Կաթողիկոսը իր օրհնությունն ու գնահատանքն է բերել մրցույթում հաղթած աշակերտներին: Շնորհավորելով կարևոր այս նվաճման առիթով` Նորին Սրբությունը վստահություն հայտնեց, որ այս հաղթանակը կխանդավառի նրանց` ավելի լավ սովորելու և իրենց խորը գիտելիքներով դառնալու հպարտ ու արժանավոր քաղաքացիները մեր երկրի:
Իր խոսքում Վեհափառ Հայրապետն անդրադարձավ գիտելիքի կարևորությանը և դրա միջոցով աստվածճանաչողությանը` հորդորելով թափանցել գիտության խորքերը և այդպիսով ճանաչել Աստծուն և Նրա կամքը:
Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը մանուկներին ու պատանիներին մաղթել է, որ Ս. Էջմիածնի օրհնությունն առատորեն հեղվի նրանց կյանքում, որպեսզի կապված մնան հոգևոր և ազգային արժեքներին և նոր նվաճումներ ու հաղթանակներ արձանագրեն կյանքում` փառք և պատիվ հավելելով հայ ժողովրդի անվանը և Հայրենիքի բարի համբավին: Վեհափառ Հայրապետը նաև իր գնահատանքը հայտնեց մրցույթի կազմակերպիչներին օգտաշատ ծառայության համար:
Հանդիպմանը ներկա են եղել Գեղարքունյաց թեմի առաջնորդ Տ. Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը, «Կենգուրու» ծրագրի ղեկավար Շուշան Կարապետյանը և «Այբ» կրթական հիմնադրամի աշխատակիցներ:







































