Օգոստոսի 28-ի երեկոյան գերմանացի սակրավորները Մյունխենի կենտրոնում պայթեցրել են Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիների 250 կիլոգրամանոց ավիառումբ: Այս մասին հաղորդում է Associated Press-ը:
Տեղի ոստիկանության ներկայացուցչի խոսքով` ռումբի վնասազերծման օպերացիան բարեհաջող է անցել, չնայած պայթյունի ժամանակ շիկացած բեկորները մոտակա շինություններում հրդեհների պատճառ են դարձել: Բնակիչներին նախապես տարհանել էին:
Ռումբը հայտնաբերվել էր օգոստոսի 27-ին` Շվաբինգ շրջանում` շինաշխատանքների ժամանակ: Ամերիկյան արտադրության ռումբը ունեցել է դանդաղ ներգործման քիմիական պայթուցիչ, որը բավականին դժվարացրել է ռումբի վնասազերծման աշխատանքները: Ռումբը պատել են պայթուցիկներով ու պայթեցրել:








































