Օգոստոսի 28-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հանդիպել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչ Հենրիեթ Արենսին: Հանդիպման առանցքում են եղել Հայաստան ժամանած սիրիահայերի, և հատկապես երեխաների հիմնահարցերը: Նախարարի ներկայացմամբ սիրիահայերի հիմնախնդիրները, ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ, գտնվում են ՀՀ կառավարության անընդմեջ հսկողության և ուշադրության ներքո: Նախարարը խոսել է արդեն իսկ իրականացված և ընթացքում գտնվող ծրագրերի, սիրիահայերին պետական մակարդակով տրվող արտոնությունների և աջակցության մասին:
ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչ Հենրիեթ Արենսը հիմնադրամի անունից գործակցության և աջակցության պատրաստակամություն է հայտնել, հատկապես սիրիահայ երեխաների հետ տարվող աշխատանքներում: Հանդիպման ընթացքում ներկայացվել է սիրիահայերի կրթական, առողջապահական, սոցիալական հիմնախնդիրների մի ողջ շարք, քննարկվել է հնարավոր գործակցության եզրերի լայն շրջանակ:
Հիմնադրամի ներկայացուցիչ Հենրիեթ Արենսը նշել է, որ ՀՀ սփյուռքի նախարարի հետ հանդիպման և զրույցի արդյունքում ստացված տեղեկատվությունը կներկայացվի ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ողջ կառույցին, այնուհետև կսահմանվեն համագործակցության հնարավոր տարբերակները և ծրագրերը:
ՀՀ սփյուռքի նախարար Հ. Հակոբյանը հույս է հայտնել, որ ձեռք կբերվի արդյունավետ համագործակցության տանող պայմանավորվածություն, որի յուրաքանչյուր ծրագիրը կգործի ի նպաստ սիրիահայ երեխաներին բարեկեցության:







































