«Հայաստանը որսի համար պիտանի կենդանիներով շատ հարուստ երկիր չէ, որի հետևանքով որսի կուլտուրան ցածր է»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց «Օրինավոր որսի ակումբ» հասարակական նախաձեռնության ղեկավար Էդուարդ Սարիբեկյանը:
Նա նշեց, որ որսորդության որոշակի հիմքերը դրվել են խորհրդային տարիներին, ստեղծվել է Որսորդների միություն, իսկ այժմ բավականին գործ ունենք կատարելու՝ կորցրածը վերադարձնելու համար:
Բանախոսի կարծիքով՝ Հայաստանում պետք է կարգավորել որսորդության օրենսդրական դաշտը: Միայն արգելելով հարցը չի լուծվի. «Որսը արգելելով` բնությանը օգուտ չի տրվում. այս դեպքում շատանում է որսագողությունը: Պետք է դաշտը կանոնակարգել, որսի արդյունքում կուտակված գումարները օգտագործել որսորդության զարգացման համար»:
Էդուարդ Սարիբեկյանը նշեց նաև, որ աշխարհի շատ պետություններ ՀՀ-ում որս են անում՝ այն էլ մուֆլոնի, որը Կարմիր գրքում է. «Ես զարմանում եմ, թե ինչպես են մեր մաքսային ծառայությունները թույլ տալիս այդ էնդեմիկ կենդանատեսակը դուրս տանել երկրից, երբ օրենքով դա արգելվում է»:
Էդուարդ Սարիբեկյանն ասաց նաև, որ նախկինում շատ դժվար էր որսորդմիությանը անդամագրվելը, պետք էր ունենալ բուժօգնության, թռչունների և կենդանիների մասին գիտելիքներ, իսկ այժմ մի քանի րոպեի ընթացքում կարելի է անդամագրվել որևէ որսորդական կազմակերպության.
«Այս երկրում ով չի ալարում, մի քիչ էլ ավել դրամ ունի, հրացան է գնում ու դառնում որսորդմիության անդամ: Ես կուզեի, որ շատ դժվար լիներ որսորդմիությանը անդամագրվելը: Այս օրերին որսահարթակները իսկական պատերազմական գոտու են նման»:







































