Սոցիալական ապահովության վճարների վերացումն ու միասնական եկամտային հարկի կիրառումը պետք է սկսվի 2013 թ-ի հունվարի 1-ից, սակայն լուրեր են շրջանառվում, որ համակարգը դեռ պատրաստ չէ փոփոխություններին:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ՊԵԿ փոխնախագահ Արմեն Ալավերդյանը հերքեց այդ լուրերը և հավաստիացրեց, որ փոփոխություններն ուժի մեջ կմտնեն, և 2013 թ. հունվարից եկամտային հարկը կկիրառվի:
Նա նշեց, որ «Եկամտային հարկի մասին» օրենքի փաթեթը ԱԺ է ներկայացրել ֆինանսների նախարարությունը, և այն ամբողջությամբ ընդունվել է դեռևս մեկ տարի առաջ: Նախապատրաստական աշխատանքներն ընթացքի մեջ են, այսինքն՝ ծրագրային և այլ աշխատանքներն իրականացվում են, և այն ժամկետում կիրառվելու է. «Պետք է անպայման մի քանի փոփոխություներ արվեն, որ ծրագրային աշխատանքներն իրականացվեն: Դրա համար ֆինանսների նախարարությունը նախագիծ ունի, որ դեռևս մինչև այս ամռանը ԱԺ է ներկայացրել, որպեսզի այդ օրենքները ավտոմատացվեն, ծրագրային ապահովություն ունենան. որոշակի ոչ բովանդակային փոփոխությունները պետք է օժանդակեն դրան: Կառավարությունն այդ փաթեթը ներկայացրել է մինչև ամառ, և ԱԺ աշնանային նստաշրջանում այն կքննարկվի»:
Հարցին՝ հնարավոր է, որ աշխատողի վրա հարկային բեռը ծանրանա, իսկ գործատուն չփոխհատուցի այդ ծախսերը, Ա. Ալավերդյանը պատասխանեց. «Կարծում եմ, որ այդ հնարավորությունները նվազագույնի են հասցված»:
Հիշեցնենք, որ գործատուի և աշխատողի սոցիալական վճարներն ու եկամտահարկը միանալու են իրար՝ կազմելով մեկ ընդհանուր միասնական հարկ: Սխեման գործելու է գործատուի սոցիալական վճարի չափից անվանական աշխատավարձի բարձրացմամբ և արդեն նոր հարկման բազայինց՝ անվանական աշխատավարձից մինչև 120 հզ. դրամը 24.4%, իսկ այն գերազանցելու դեպքում 26%:
Կառավարության որոշմամբ գործատուները պարտավոր կլինեն վերանայել աշխատողների աշխատավարձերն այնպես, որ զուտ աշխատավարձը նոր սանդղակի պարագայում չփոխվի: Հարկերը գործատուի ուսերին են ընկնելու և մտավախություն կա, որ նրանք դա ուրախությամբ չեն ընդունի:








































