«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը:
– Ձեր կարծիքով՝ ի՞նչ է իրենից ներկայացնում Թեհրանում մեկնարկած Չմիավորման շարժման երկրների գագաթնաժողովը, և միջազգային հանրության համար այն ի՞նչ նշանակություն ունի:
– Չմիավորման շարժումն իրենից ներկայացնում է կարևոր ուղի անկախ քաղաքական դիրքորոշումներ ներկայացնելու համար: Սակայն, քանի որ երկբևեռ` ԱՄՆ-ի և ԽՍՀՄ-ի գերակայությամբ բնորոշվող «սառը պատերազմն» անցյալում է, այս շարժումը կորցրել է անցյալում ունեցած իր կարևորությունը:
– Ինչպե՞ս եք վերաբերվում այդ գագաթնաժողովին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հնարավոր մասնակցությանը:
– Որպես փոքր պետություն` Հայաստանի համար իրականում մասնակցությունը կարևոր և խելացի քայլ է: Դա նաև վկայում է այն մասին, որ Հայաստանն այժմ ունի ավելի մեծ ռազմավարական կարևորություն, քան անցյալում:
– Հայաստանի մասնակցության դեպքում միջազգային հանրության ի՞նչ արձագանքներ կարող են լինել մասնավորապես ԱՄՆ-ից, Եվրոպայից և ՌԴ-ից:
– Հայաստանի ու արևմտյան պետությունների և հայ-ռուսական հարաբերությունների վրա այս իրադարձությունը ազդեցություն չի ունենա կամ այն շատ փոքր կլինի: Հայաստանը երկու կողմերի հետ էլ ունի ուժեղ և կայուն հարաբերություններ:
– Ամեն դեպքում, Ձեր կարծիքով, աշխարհաքաղաքական այն իրավիճակում, որում գտնվում է Հայաստանը, միջազգային կառույցների ու արևմտյան երկրների ունեցած հարաբերությունների պայմաններում ճի՞շտ է Ս. Սարգսյանի մասնակցությունն այդ գագաթնաժողովին:
– Այո՛, իհարկե: Հայաստանը պետք է ներկա լինի և ավելի ակտիվ մի շարք միջազգային հարթակներում:
– Արդյոք ներկա աշխարհաքաղաքական իրավիճակում ՀՀ-ն կարո՞ղ է չմասնակցել այդ միջոցառմանը:
– Իհարկե Հայաստանի համար մերժելն ավելի հեշտ կլիներ: Բայց կրկին ուզում եմ շեշտել, որ մասնակցությունը խելացի քայլ է:
– Թեհրանը հայտնվել է միջազգային մեկուսացման մեջ, և արևմտյան երկրները պատժամիջոցներ են ներկայացնում Իրանի բանկերին` նպատակ ունենալով դադարեցնել Իրանի միջուկային ծրագիրը: Իսկ վերջերս Reuters-ը գրել էր, թե Թեհրանը փորձում է իր բանկային հենակետն ընդլայնել Հայաստանի միջոցով: Ի՞նչ է սա նշանակում, և եթե դա ճիշտ է, ինչպիսի՞ն կարող է լինել ԱՄՆ-ի, Եվրոպայի ու միջազգային այլ կառույցների արձագանքը մեր երկրի նկատմամբ:
– Իրականում սպասելիքները Հայաստանից և ճնշումները նրա վրա կաճեն, որոնք ուղղված կլինեն նրան, որ Հայաստանն անի ավելին` Իրանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցներին լիարժեք ու ամբողջապես համապատասխանող վարքագիծ դրսևորելու համար: Բայց Հայաստանը հասկանում է սա և ավելի շրջահայաց կլինի Իրանի հետ հարաբերություններում: Արևմուտքը պետք է նաև հասկանա և ընդունի, որ Հայաստանն այլ ելք չունի, քան պահպանել լավ հարաբերություններն Իրանի հետ:








































