Թուրք լրագրող Ջունեյթ Ունալը, որը մեկ շաբաթ առաջ անհետացել էր Սիրիայում, հայտնվել է սիրիական պետական Al-Ikhbariya հեռուստատեսության եթերում: Interfax-ի փոխանցմամբ` Ունալը պատմել է, որ օգոստոսի 20-ին նա իր հորդանանցի գործընկերոջ` Բաշար Ֆահմիի և ճապոնացի երկու լրագրողների հետ ապօրինի հատել է թուրք-սիրիական սահմանը: Հիշեցնենք, որ ճապոնացի լրագրողներից մեկը` Միկա Յամոմոտոն, նույն օրը սպանվել է Հալեպում:
Նրանք Հալեպում միացել են ապստամբներին: Սիրիայի բանակի զինվորները առևանգել են Ունալին: Նրա խոսքով` բոլոր ապստամբները զինված են եղել, նրանց շարքերում կային չեչեններ, լիբիացիներ, կատարցիներ, սաուդացիներ:
Թուրքական ԶԼՄ-ները հայտնում են, որ տեսագրությունից դատելով` Ունալի առողջական վիճակը նորմալ է, սակայն նա չափազանց հուզված էր:
Ունալի մասնակցությամբ տեսագրության ցուցադրումից հետո Անկարայում կայացած մամլո ասուլիսում Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն հերքել է թուրք լրագրողի` ապստամբների շարքերին միանալու մասին տեղեկությունը և նրա անվտանգության պատասխանատվությունը դրել Դամասկոսի վրա:
Դեռևս չի հաղորդվում, թե նրա ապագայի հարցով ինչ որոշում են կայացրել սիրիական իշխանությունները: Ամենայն հավանականությամբ, Ունալն ազատ կարձակվի և կարտաքսվի Թուրքիա:









































