2013-ից կիրառվելիք միասնական հարկի դեպքում բեռն ընկնելու է աշխատողի վրա, ոչ թե գործատուի: Սակայն ինչպես «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց տնտեսագետ, անկախ փորձագետ Հայկ Բալանյանը, քանի որ գործատուներն ավելի քիչ գումար են հարկ վճարելու, օրենքն էլ պահանջում է, նրանք պատրաստ կլինեն այդ բեռը պահել իրենց վրա. «Կարծում եմ, աշխատավարձերը կբարձրացնեն»:
Օրենսդրական փոփոխությունը բնորոշելով որպես դրական՝ Հ.Բալանյանը հայտնեց, որ այն ունի մի էական բացասական կողմ՝ եկամտահարկի սանդղակը սահուն չէ, և բարձր ու ցածր աշխատավարձ ստացողները նույն հարկման բազայի տակ են ընկնում. «Միջին և բարձր աշխատավարձերը նույն դրույքաչափի տակ են ընկնելու, մինչդեռ 1000-1500 դոլարից ավելի ստացողները պետք է առավելագույն հարկման տակ լինեին: 2 մլն դրամի դեպքում միայն պետք է կիրառվեր 26%-ը, իսկ այն շատ ցածր թվի դեպքում էլ է կիրառվում»:
Հիշեցնենք, որ 2013 թ. հունվարի 1-ից գործատուի և աշխատողի սոցիալական վճարներն ու եկամտահարկը միանալու են իրար՝ կազմելով մեկ ընդհանուր միասնական հարկ: Սխեման գործելու է գործատուի սոցիալական վճարի չափից անվանական աշխատավարձի բարձրացմամբ և արդեն նոր հարկման բազայից՝ անվանական աշխատավարձից մինչև 120 հզ. դրամը 24.4%, իսկ այն գերազանցելու դեպքում 26%:
Կառավարության որոշմամբ գործատուները պարտավոր կլինեն վերանայել աշխատողների աշխատավարձերն այնպես, որ զուտ աշխատավարձը նոր սանդղակի պարագայում չփոխվի:









































