«Աստղային պատերազմների» երկրորդ և երրորդ մասերը 3D ձևաչափով վարձույթի կհանվեն 2013-ի աշնանը,- հայտնում են SlashFilm կայքում:
«Կլոնների հարձակումն» էկրան կբարձրանա սեպտեմբերի 20-ին, «Սիթհերի վրեժը»` հոկտեմբերի 11-ին: Այս ֆիլմերի օրիգինալ տարբերակները թողարկվել են համապատասխանաբար 2002-ի մայիսին և 2005-ի մայիսին: Ենթադրվում է, որ ավելի ուշ 3D ձևաչափով կթողարկվեն նաև «Աստղային պատերազմների» առաջին երեք մասերը (դրանք կոչվում են` «Նոր հույս», «Կայսրությունը հակահարված է հասցնում» և «Ջեդայի վերադարձը» և հանդիսատեսին առաջին անգամ ներկայացվել են 1977, 1980 և 1983 թթ.):
2012-ի փետրվարին արդեն վարձույթի է հանվել «Աստղային պատերազմների» մասերից մեկը` «Դրվագ 1- Թաքնված վտանգ»: Ֆիլմն առաջին անգամ էկրան է բարձրացել 1999-ի մայիսին: 115 մլն դոլար բյուջեով «Թաքնված վտանգի» ամբողջ եկամուտը մինչև այսօր մոտ 1,03 մլրդ դոլար է:









































