Բրիտանական The Guardian պարբերականը տեղեկացնում է, որ BP ընկերությունը մոտ երկու անգամ` մինչև 14 միլիարդ եվրո բարձրացրել է Nabucco նախագծի իրականացման գինը: Պատճառը շինարարության համար անհրաժեշտ հումքի, մասնավորապես երկաթի հանքանյութի թանկացումն է:
Nabucco-ն նախատեսված է ադրբեջանական և թուրքմենական գազը, տարեկան մինչև 31 միլիարդ խորանարդ մետր ծավալով, եվրոպական երկրներ առաքելու համար:
«Շահ Դենիզ հանքավայրը շահագործող կոնսորցիումը հակված է Nabucco-ի հետ աշխատելու, շատ մոտ ապագայում դեպի Եվրոպա առաքումներն ապահովելու համար»,- հայտարարել են BP-ում:
Նշենք, որ մի քանի օր առաջ եվրոպական լրատվամիջոցները տեղեկություններ տարածեցին այն մասին, որ քննարկվում է Nabucco-ի և ITGI (Թուրքիա-Հունաստան-Իտալիա) խողովակաշարերի միավորման հնարավորությունը, ինչը զգալիորեն կնվազեցնի երկու նախագծերի համար անհրաժեշտ ծախսերը:







































