Ինչպես հաղորդում են արևմտյան լրատվամիջոցները, Բենղազիի բախումների հետևանքով զոհերի թիվը հասել է 200-ի: Այս մասին մասնավորեպս հայտնում է բրիտանական The Independent-ը: Ըստ Sky News-ի` մարդկանց նույնիսկ գնդակահարում են ուղղաթիռներից, իսկ Մուամար Քադաֆին անվտանգության ուժերը համալրելու համար Լիբիա է բերել օտարերկրյա վարձկանների: Շատ վայրերում զինվորականները հրաժարվում են կրակել ցուցարարների վրա:
Երեկ բախումները սկսել են վաղ առավոտյան, երբ Քադաֆիի զինված կողմնակիցները (ըստ որոշ տվյալների` կրկին վարձկաններ) հարձակվել են Բենղազիի արևելքում կազմակերպված ընդդիմության վրանային քաղաքի վրա` սպանելով տասնյակ մարդկանց: Ավելի ուշ նրանք հարձակվել են բախումների ժամանակ զոհվածների թաղման արարողության մասնակիցների վրա: «Մենք այստեղ սպանդի ենք ենթարկվում: Տասնյակ մարդիկ են սպանվել», Reuters գործակալությանն ասել է ցույցի մասնակիցներից մեկը:
Հայտնի է նաև, որ Լիբիայում տասնյակ օտարերկրացիներ են ձերբակալվել` հիմնականում արաբական երկրներից, որոնց Քադաֆիի վարչակարգը մեղադրում է բախումներ հրահրելու, անկարգություններ կազմակերպելու մեջ: Ըստ ռեժիմի ներկայացուցիչների` օտարեկրացիներն այստեղ ցանց են ստեղծել` երկիրն ապակայունացնելու համար: France Press գործակալության փոխանցմամբ` ձերբակալվածների մեջ են Թունիսի, Սիրիայի, Եգիպտոսի, Սուդանի, Պաղեստինի, ինչպես նաև Թուրքիայի քաղաքացիներ:
Al-Jazeera-ն հեռախոսով զրուցել է Լիբիայում հայտնի իրավապաշտպան Աբու Սալիմի հետ, որի ձերբակալությունը փետրվարի սկզբին հանգեցրել էր բախումների Բենղազիում: Եվ չնայած Աբու Սալիմը բաց էր թողնվել, սակայն բախումները չէին դադարել: Հեռուստաալիքին վիդեոկապով նա հայտնել է, որ մարդկանց հարյուրներով գնդակահարում են փողոցներում: Հնարավոր է` զոհերի թիվը հասնի մի քանի հարյուրի:
Խիստ հայտարարությամբ է հանդես եկել Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ուիլյամ Հեյգը. «Մենք ցանկանում ենք, որ Լիբիայի կառավարությունը հասկանա. այն փաստը, որ տեսախցիկներ չկան այն վայրում, որտեղ տեղի են ունենում բախումները Լիբիայում, չի նշանակում, որ աշխարհը չի հետևում և չի անտեսելու է այն, թե ինչպես են վարվում ցուցարարների նկատմամբ», ասել է Հեյգը:







































