Բահրեյնի մայրաքաղաք Մանամայից դուրս է բերվել ծանր զինտեխնիկան, սակայն ոստիկանությունը ցուցարարներին թույլ չի տալիս վերադառնալ «Մարգարիտի» հրապարակ:
Այս մասին հայտնում է Al-Jazeera հեռուստաալիքը:
Ոստիկանությունը ցուցարարներին այդ հրապարակից հեռացնում է արցունքաբեր գազի միջոցով:
Ինչպես հաղորդել է Բահրեյնի թագաժառանգ արքայազն Սալման բեն Համադ Ալ-Խալիֆան, ինքը հրաման է տվել զինվորականներին լքել Մանամայի փողոցները, իսկ քաղաքում կարգ ու կանոնի պաշտպանությունը պետք է իրականացնեն ոստիկանները:
Զինվորականների դուրսբերումը ընդդիմության հիմնական պահանջներից մեկն է, սակայն այս պահին հայտնի չէ, թե արդյո՞ք ընդդիմությունը պատրաստվում է գնալ բանակցությունների, քանի որ առավոտյան շիական ազդեցիկ «Ուիֆաք» կուսակցությունը հայտարարել էր իշխանությունների հետ երկխոսության անհնարինության մասին:









































