Ֆլորիդայում հասարակական պարեկ Ջորջ Ցիմերմանի կողմից սպանված սևամորթ դեռահաս Տրեյվոն Մարտինի մայրը փոխհատուցում է պահանջել այդ շրջանի տանտերերի միությունից: Այս մասին հաղորդում է Orlando Sentinel-ը:
Սիբրինա Ֆուլտոնի պահանջած փոխհատուցման կոնկրետ չափը չի հաղորդվում: Հայտնի է, որ այն գերազանցում է 75 հազար դոլարը: Համապատասխան պահանջ Ֆուլտոնն ուղարկել է տանտերերի ասոցիացիայի ապահովագրական ընկերությանը: Travelers Casualty and Surety Company of American ապահովագրական ընկերությունը, ի պատասխան, հայց է ներկայացրել դատարան, որում խնդրել է մերժել Ֆուլտոնի հայցը:
Բացի այդ, Ֆուլտոնը և նրա նախկին ամուսին Թրեյսի Մարտինը փոխհատուցում են պահանջել նահանգի ֆոնդից, որը նախատեսված է հանցագործների գործողություններից տուժածներին վճարումներ կատարելու համար:










































