Մոլորակի ամենահարուստ կանանցից մեկը՝ խոշոր կոսմետիկական L‘Oreal կոնցեռնի համասեփականատեր Լիլիան Բետանկուրը 60 միլիոն դոլարով վաճառել է Սեյշելյան արշիպելագի դ՝Արոս կղզին:Այս մասին տեղեկացնում է RBK-ն:
Նշված կղզին, ինչպես և մոտակա հարևան կղզիները, ձեռք է բերել Շվեյցարիայի միջազգային բարեգործական Save Our Seas կազմակերպությունը, որի ներկայացուցիչների խոսքով՝ իրենք հսկողություն կսահմանեն կղզու վրա, որը հանդիսանում է կրիաների հատուկ տեսակի հայրենիք:
Գործարքը Ֆրանսիայի հարկային ծառայությունում նոր սկանդալի պատճառ է դարձել: Բանն այն է, որ կղզին վաճառվել է գնված արժեքից 3 անգամ թանկ:1997 թվականին այն մադամ Բետանկուրի վրա նստել էր 18 միլիոն դոլար: Այդ ժամանակ ԶԼՄ-ները հաղորդում էին, որ L’Oreal-ի նախկին ղեկավարը Ֆրանսիայի իշխանություններին չի հաղորդել ձեռքբերման մասին և կղզին կիրառել է որպես «հարկային ապաստարան»:
Չվճարված հարկերի պատմությունը լայն արձագանք է ստացել 2010 թվականին, երբ Ֆրանսիայի հարկային ծառայությունը հետաքննություն է անցկացրել ու պարզել, որ Եվրոպայի ամենահարուստ կինը խուսափում է պետական հարկերից:
Կղզու վաճառքից ստացված գումարից 8 միլիոնը Բետանկուրը վճարել է պետությանը: Եվս 10,5 միլիոն դոլար նա վճարել է որպես պետական տուրքեր և վաճառքից ստացված այլ հարկեր:
Նշենք, որ 89-ամյա Բենտանկուրի «հարկային ապաստարանի» երկարությունը կազմում է 2 կմ, իսկ լայնությունըʽ 990 մետր, ունի ծովի մակարդակից 3 մետր բարձրություն: Հնդկական օվկիանոսում գտնվող հողակտորը նախկինում պատկանել է իրանցի արքայազնին:
Նշենք, որ Բետանկուրը հանդիսանում է La Fondation Bettencourt Schueller բարեգործական հիմնադրամի ղեկավար: Հիմնադրամը զբաղվում է բժշկական, մշակութային և հումանիտար նախագծերի զարգացմամբ:









































