«Մութ ասպետը. լեգենդի վերածնունդ» ֆիլմը 3 շաբաթ անընդմեջ հյուսիսամերիկյան վարձույթի առաջատարն է` ԱՄՆ-ի և Կանադայի կինոթատրոններում հավաքած դրամական միջոցներով: Հանգստյան օրերին` օգոստոսի 3-5-ը, Բեթմենի մասին նոր ֆիլմը աշխատել է 36,4 միլիոն դոլար` հյուսիսամերիկյան վարձույթում իր բյուջեն հասցնելով 354,6 միլիոն դոլարի: Եվս 378 միլիոն դոլար ֆիլմը հավաքել է աշխարհում: Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը:
Հանգստյան օրերին հավաքած դրամական միջոցների ծավալով երկրորդ տեղում է «Հիշել ամեն ինչ» ֆիլմը (26 միլիոն դոլար), որում գլխավոր դերերով հանդես են գալիս Քոլին Ֆարելը, Քեյթ Բեքինսեյլը և Ջեսիկա Բիլը:
Երրորդ տեղում իր դեբյուտն է իրականացրել «Թուլակամի օրագիրը 3» ֆիլմը, որը հանգստյան օրերին հավաքել է 14,7 միլիոն դոլար: 4-րդ և 5-րդ տեղերում են «Սառցե ժամանակաշրջանը» (8,4 մլն դոլար) և «Պարեկություն» (6,5 մլն դոլար):









































