Հայտնի մեքսիկացի երգչուհի Չավելա Վարգասը օգոստոսի 5-ին 93 տարեկանում մահացել է: Այս մասին հաղորդում է Associated Press-ը: Ըստ երգչուհու ընկերուհի և կենսագիր Մարիա Կորտինայի` Վարգասը մահացել է հիվանդանոցում, ուր նրան տեղափոխել են մի քանի օր առաջ` սրտի և շնչառական համակարգի խնդիրներով: Վարգասին բուժող բժիշկը հաղորդել է, որ նա հրաժարվել է կյանքի արհեստական աջակցման ցանկացած սարքավորումից:
Նա Մեքսիկայում հայտնի է որպես երգչուհու մասին առկա կարծրատիպերը փոխած կին: Նա կատարել է ավանդական սիրային երգեր` ռանչերաներ` բեմ դուրս գալով տղամարդու հագուստով, ինչը սարսափելի էր համարվում կաթոլիկ Մեքսիկայում: Երգչուհին իր մոտ զենք էր կրում, նաև տարված էր ալկոհոլով և սիգարներով:
Բացի այդ, Վարգասը երբեք չի թաքցրել իր ոչ ավանդական սեռական կողմնորոշումը` չնայած հրապարակավ իրեն լեսբուհի է ճանաչել կյանքի վերջին տարիներին:









































