«Սաոլա» և «Դամրեյ» թայֆունները լրջորեն վնասել են Չինաստանի մերձափնյա նահանգները: Առավել տուժած նահանգներից մի քանի միլիոն մարդ է էվակուացվել: Ինչպես այսօր հայտնել է Չինաստանի քաղաքացիական վարչակազմի նախարարությունը` աղետի բազմակի հարվածներին զոհ է դարձել 8 մարդ, ևս 7-ը անհայտ կորած են:
Այս սեզոնի ընթացքում թվով 9-րդ «Սաոլա» թայֆունից առաջացած փոթորկի, քամիների, ջրհեղեղների և սողանքների հետևանքով արևելյան մերձափնյա Ցզյանսու, Չժեցզյան, Ֆուցզյան, Ղզյանսի և Շանդուն նահանգներում 6 մարդ է մահացել: Եվս երկու մարդ համարվում է անհայտ կորած: Տեղական իշխանությունները ստիպված են եղել աղետի գոտուց էվակուացնել ավելի քան մեկ մլն մարդու:
«Դամրեյ» թայֆունը նույնպես այս սեզոնում 9-րդ անգամ է լինում: Այն արդեն հարվածել է հյուսիսարևելյան Լյաոնին և հյուսիսային Հեբեյ նահանգներին: Ընդհանուր թվով Լյաոնինում տուժել է ավելի քան 1,4 մլն մարդ, մեկ բնակիչ մահացել է, ևս 5-ը համարվում են անհայտ կորած: Թայֆունը մարզում ավերել է ավելի քան 10 000 բնակելի տուն և իշխանություններին ստիպել է բնակավայրից էվակուացնել ավելի քան 138 000 մարդու:
Հեբեյ նահանգում թայֆունի զոհ է դարձել մեկ մարդ, ևս մեկը անհայտ կորած է, 150 000 բնակիչ էվակուացվել է: Ընդհանուր թվով տուժել է 2,42 մլն մարդ, ավերվել է 9,9 հազար տուն:










































