«Արաբական կանանց միություն» կազմակերպության տվյալներով` երիտասարդ եգիպտուհիները ստիպված են «ամառային ամուսնություն» գրանցել` հույս ունենալով այդ կերպ փոքր-քիչ օգնել իրենց ընտանիքներին:
Սիրիայում տիրող իրավիճակը առժամանակ շեղել է միջազգային հանրության ուշադրությունը Եգիպտոսից: Իշխանափոխությունը դեռ չի նշանակում, որ զբոսաշրջային այս երկրում ամեն ինչ կարգին է: Խոսքը քաղաքական կամ տնտեսական խնդիրների մասին չէ: Արաբական լրատվամիջոցները այլ հարց են բարձրացնում, որը հոգեբանորեն նույնիսկ ավելի ցավոտ է և բնորոշ չէ Մերձավոր Արևելքի երկրներին:
Արաբական գարնան հետևանքները անկանխատեսելի էին. ծնողներն իրենք են իրենց անչափահաս աղջիկներին վաճառում հարուստ զբոսաշրջիկներին, եթե նմանները դեռ գալիս են հակամարտությունից տուժած այդ երկիր:
Արաբական խիստ օրենքները խախտվում են կարիքից դրդված: Նման կերպ որոշ «գործարարներ» փորձում են վերակենդանացնել մահամերձ վիճակում գտնվող զբոսաշրջությունը:
«Ամառային կանանց» դաժան ճակատագիր է սպասվում: Նրանցից շատերը մարմնավաճառ են դառնում կամ էլ, լավագույն դեպքում, ամուսնանում են տեղի կավատների հետ, որոնք ամուսնությունն օգտագործում են քողարկվելու համար:










































