Այսօր՝ վաղ առավոտյան Շիրակի մարզային փրկարարական վարչությունը ահազանգ է ստացել այն մասին, որ Գյումրիի Տիգրան Մեծի փողոցի շենքերից մեկում բնակարաններից մեկի առաստաղը փլուզվել է՝ փակելով սենյակների մուտքը: Դեպքի վայր են մեկնել մարզային փրկարարական վարչության աշխատակիցները:
ՇՄ փրկարարական վարչության պետը «Առաջին լրատվական»-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ տուժածներ չկան: «Փլուզումը տեղի է ունեցել, ժամը 07:35 -ին, հին շենք է, առաստաղը եղել է փայտե, ամբողջությամբ քայքայված վիճակում, բարեբախտաբար տուժածներ չկան»,- նշեց Մարատ Սարիբեկյանը:
Այսօր՝ ժամը 11:30-ի սահմաններում մեկ այլ արտակարգ պատահար է տեղի ունեցել նաև Շիրակի մարզի Փանիկ գյուղում: Ինչպես «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց մարզային փրկարարական վարչության պետը, տրակտորը շրջվել է, ինչի հետևանքով 11-ամյա երեխան հայտնվել է տրակտորի տակ: Երեխան ստացել է ոտքի վնասվածք և շտապօգնության մեքենայով տեղափոխվել է Ավստրիական մանկական հիվանդանոց:
Փայլակ Ֆահրադյան
Շիրակի մարզային թղթակից









































