Իրանական ILNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանը շուտով կարող է վերածվել այնպիսի երկրի, ուր պարբերաբար երաշտներ են լինում: Այս մասին հայտարարել է իրանական Ալբորզ նահանգի ջրային ռեսուրսների վարչության ղեկավար Բեհզադ Պարսան:
Վերջինիս խոսքերով՝ Իրանը պետք է կազմակերպի իր ջրային պաշարների ռացիոնալ գործածումը, քանի որ դա միակ ճանապարհն է՝ տեսանելի ապագայում գյուղատնտեսական ու բնապահպանական ոլորտներում աղետից խուսափելու համար:
Փարսան կարծում է, որ հակառակ դեպքում, հաշվի առնելով բնակչության աճը, բավականաչափ ներդրումների բացակայությունը և ջրային պաշարների վատ ղեկավարումը, Իրանը կարող է վերածվել մշտական երաշտների ենթարկվող տարածքի:
Վերջին տարիներին Իրանում, հատկապես նրա հարավում, հաճախակիացել են երաշտները, որոնք ուղեկցվել են մի շարք քաղաքներ ընդգրկած ավազամրրիկներով: Պարսան հավելել է, որ կանխատեսումների համաձայն՝ եթե ջրամատակարարման հարցում իրավիճակը չփոխվի, ապա մինչև 2020-2025 թվականները Իրանը կվերածվի մշական երաշտների ներքո հայտնված երկրի: