Բրիտանական կարգավորիչ մարմինը՝ ASA-ն, արգելել է PepsiCo ընկերության Mountain Dew Energy ըմպելիքի գովազդային հոլովակի ցուցադրությունը: Կազմակերպության կայքում ասվում է, որ գովազդն արգելվել է նրանում ցուցադրվող վտանգավոր հնարքների պատճառով:
Հոլովակը ցուցադրվել է համացանցում, այդ թվում` օնլայն խաղերի կայքերում: Այն նկարահանված է ոչ պրոֆեսիոնալ տեսախցիկով, որը ամրացված է եղել գլխավոր հերոսի մարմնին:
Հոլովակում երևում է, թե ինչպես է սնոուբորդիստը իջնում մետրոյի շարժասանդուղքով, այնուհետև թռչում ռելսերի վրա ու շարունակում հնարքները մոտեցող գնացքի առաջ:
Հոլովակի վերաբերյալ բնակիչների կողմից 7 բողոք է ստացվել: Բնակիչները կարծում են, որ այն կարող է մարդկանց դրդել` իրականացնելու վտանգավոր գործողություններ: Ակնդիրները մտահոգություն էին հայտնել առ այն, որ հոլովակը կարող են դիտել նաև երեխաները:
PepsiCo ընկերությունը, որին է պատկանում Mountain Dew ըմպելիքը, նշել է, որ հոլովակը հումորային բնույթ է կրում, և հոլովակի ավարտին կոչ է արվում հնարքները չկրկնել:







































