Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հոկտեմբերի 1-ին Վրաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունները պետբյուջեի համար կարժենան 29 միլիոն լարի (1դոլարը հավասար է 1.65 լարիի): Այդպիսի եզրահանգման է եկել Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ)՝ ընտրությունների նախապատրաստման ու անցկացման համար:
ԿԸՀ-ի ղեկավար Զուրաբ Խարատիշվիլին հայտարարել է, որ այս փուլում իրենք արդեն իսկ 33 հայտ են ստացել քաղաքական կուսակցություններից, որոնք ցանկանում են մասնակցել խորհրդարանական ընտրություններին: Նա հավելել է, որ այդ ցանկը կարող է աճել, քանի որ ներկայիս խորհրդարանում ներկայացված կուսակցությունները դեռ կարող են հայտ ներկայացնել մինչև օգոստոսի 5-ի ժամը 18.00-ն:
Խորհրդարանական ընտրությունների անցկացման ժամկետի հայտարարումից հետո ԿԸՀ-ն անցել է աշխատանքի արտակարգ ռեժիմի՝ սկսելով 73 օկրուգներում ընտրական հանձնաժողովների կոմպլեկտավորման գործընթացը: Մինչև հոկտեմբերի 1-ը ընտրական վարչակազմի համակարգում աշխատելու է 48,000 մարդ:







































