Սիրիայում ՄԱԿ-ի դիտորդների առաքելությունը տեղեկություն ունի, որ Սիրիայի ընդդիմությունն իր տրամադրության տակ ծանր սպառազինություն ունի, սակայն կառավարական ուժերի դեմ դրանց կիրառման փաստեր չեն գրանցվել: Այս մասին լրագրողներին հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ խաղաղապահական հարցերով տեղակալ Էրվե Լադսուսը:
«Մենք գիտենք, որ ընդդիմությունը ծանր սպառազինություն ունի, դա մենք տեսել ենք: Բայց մենք դեռ չենք տեսել, որ նրանք այդ ծանր սպառազինությունն օգտագործեն կառավարական ուժերի դեմ»,- ասել է Լադսուսը ՄԱԿ-ի ԱԽ փակ նիստին՝ Սիրիայի իրավիճակի մասին զեկուցելիս:
Լադսուսի խոսքերով՝ Սիրիայի ընդդիմությունն «ունի տանկեր, հետևակի մեքենաներ, և դա փաստ է»:
ՄԱԿ-ի տվյալներով՝ 2011թ. մարտից շարունակվող հակամարտության ընթացքում Սիրիայում զոհվել է ավելի քան 16 հազար մարդ:









































