Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Անկարայում Իրանի դեսպանատունն իր բողոքն է հայտնել՝ կապված թուրքական «Աքշամ» (Երեկո) թերթի այն հրապարակմանը, թե «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) զինյալները նախապատրաստություն են անցնում Իրանի տարածքում:
Թուրքական թերթի ղեկավարությանը հասցեագրած Իրանի դեսպանատան բողոքում նշված է, որ այդ մեղադրանքը կեղծ է և անհիմն. «Իրանն ու Թուրքիան ահաբեկչության դեմ իրականացնում են համատեղ լայնամասշտաբ գործունեություն: Իրանի կառավարությունը երբեք թույլ չի տվել և թույլ չի տա, որ որևէ մեկն իր տարածքից հարձակվի հարևան ու բարեկամ Թուրքիայի վրա:
Իրանն ահաբեկչության դեմ պայքարում կորցրել է 17,000 մարդ: Իրանի արտաքին քաղաքականության դոկտրինում երբեք չեն մտել այլ երկրի ներքին գործերին միջամտելը և ահաբեկչական կազմակերպությանը որպես լեգիտիմ ճանաչելը: Մենք մշտապես ողջունել ու աջակցել ենք ահաբեկչության դեմ պայքարին ուղղված յուրաքանչյուր գործունեություն: Նմանատիպ գործողությունները նախաձեռնվել են արտաքին ուժերի կողմից՝ տարածաշրջանում թշնամություն ու պառակտում առաջացնելու համար»: