Թուրքական Zaman թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի փոխվարչապետ Բեքիր Բոզդաղը Կարսում հանդիպել է Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) Կարսի նահանգային ղեկավարության հետ:
Հանդիպման ժամանակ Բոզդաղը հայտարարել է, որ Թուրքիայում նախագահական ընտրությունները տեղի են ունենալու 2014 թվականի օգոստոսին, որում ընտրելու են Թուրքիայի 12-րդ նախագահին: Բոզդաղը հավելել է, որ նույն թվականին նշանակված են տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրությունները, իսկ 2015 թվականին՝ խորհրդարանական ընտրությունները:
Հիշեցնենք, որ ներկայումս Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը ցանկանում է ՏԻՄ ընտրությունները 2014 թվականի մարտի փոխարեն անցկացնել 2013 թվականի հոկտեմբերին, որպեսզի մեկ տարում (2014) Թուրքիայում չանցկացվեն երկու ընտրություններ (ՏԻՄ և նախագահական):
Եթե Էրդողանի նախաձեռնությունը հաջողություն ունենա, ապա հետագա 3 տարիներին Թուրքիայում անընդմեջ կանցկացվեն ընտրություններ՝ ՏԻՄ, նախագահական, խորհրդարանական:







































