Գլենդելում 50-ամյա Արմեն Ուրությանին ձերբակալել են մեքենայով ծառին բախված դեռահասին ծեծի ենթարկելու կասկածանքով: Այս մասին հաղորդում է Glendale News Press-ը: 17-ամյա վարորդի անունը չի հաղորդվում, քանի որ նա անչափահաս է:
Դեռահասը նույնպես ձերբակալվել է: Նրան կասկածում են անսթափ վիճակում մեքենա վարելու մեջ, ինչի հետևանքով Concord փողոցում՝ բնակելի շինության դիմաց, նա իր Nissan Altima մակնիշի ավտոմեքենայով բախվել է ծառին:
Դեպքի վայր մեկնած ոստիկանները նկատել են փողոցում կռվող մի խումբ տղամարդկանց: Դեռահասի դեմքից արյուն է հոսել: Ականատեսների վկայությամբ՝ տղան ընթացքի ժամանակ բախվել է ծառին, ինչից հետո տղամարդկանց գոռոցներ են լսվել:
Ուրությանը, ենթադրաբար, հարվածել է տղայի դեմքին, ինչի հետևանքով դեռահասը գետնին է տապալվել: Ականատեսների խոսքով՝ Ուրությանը ոտքերով մի քանի հարված է հասցրել նրան` մինչ ոստիկանների ժամանումը:
Դեռահասի «տղայական պատիվը» նրան թույլ չի տվել մանրամասնել կատարվածը:
Ուրությանը ոստիկաններին պատմել է, որ ինքը տանն է եղել, երբ աղաղակներ է լսել: Նա նրանց հանդարտվելու կոչ է արել: Ուրությանի խոսքով՝ դեռահասը բարձրաձայն անհարգալից խոսքեր է ուղղել իր հասցեին, ինչն էլ առերեսման պատճառ է դարձել: Փողոցում հավաքված տղամարդկանց մասնակցությամբ կռիվ է ծագել: Ուրությանը ոստիկաններին պատմել է, որ փորձել է ինքնապաշտպանվել:









































