Մայրաքաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների առաջին ատյանի դատարանը այսօր 7 տարվա ազատազրկման է դատապարտել Սոցիալական ապահովության Դավթաշենի տարածքային բաժնի նախկին պետ Սարգիս Հակոբյանին: Նույն բաժնի նախկին գլխավոր մասնագետ Գրետա Վարդանյանը դատապարտվել է երեք տարվա ազատազրկման:
«Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ՝ այս գործով մնացած 8 ամբաստանյալների` կաշառքի միջնորդի, համատիրության 2 աշխատակիցների և կեղծ փաստաթղթեր ներկայացրած 5 օդաչուների համար դատարանը ավելի մեղմ պատիժներ է սահմանել` տուգանքների տեսքով:
«Այս օդաչուները հնարավորություն էին ունեցել այդ փաստաթղթերի հիման վրա իրենց իսկական թոշակավորման վայրից կենսաթոշակային գործերը տեղափոխել Դավթաշենի տարածքային բաժին և այդ կեղծիքների հիման վրա ստանալ ավելի բարձր կենսաթոշակ` 3-4 անգամ ավելի օրենքով սահմանվածից», – «Ազատություն» ռադիոկայանին ասել է Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության դատախազ Հովհաննես Ենոքյանը:
Այս քրեական գործը առանձնացված է անցած տարվա մայիսին Գլխավոր դատախազությունում յուրացման, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու փաստերի հիման վրա հարուցված աղմկահույց գործից: Հիշեցնենք, 2011 թվականին Վերահսկիչ պալատը Սոցիալական ապահովության պետական ծառայությունում իրականացված ստուգումների արդյունքում պարզել էր, որ կենսաթոշակների ցուցակներում եղել են մահացած անձանց անուններ, կեղծվել են կենսաթոշակների տրամադրման փաստաթղթերը:
Ոլորտում բացահայտված չարաշահումները անցնում էին 100 միլիոն դրամը: Բացահայտումները վերաբերում էին այն ժամանակահատվածին, երբ Սոցիալական ապահովության պետական ծառայությունը ղեկավարում էր Վազգեն Խաչիկյանը:
«Խաչիկյանն էլ է առնչվում այդ քրեական գործով: Ուղղակի քրեական գործը շատ ծավալուն, բարդ է գործ է: Նախաքննությունը դեռ ընթացքի մեջ է», – փոխանցել է Հովհաննես Ենոքյանը:
Այսօր Վազգեն Խաչիկյանի հետ չի հաջողվել զրույցել: Ավելի վաղ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նա ասել էր, որ իրեն 2 անգամ կանչել էին հարցաքննության` որպես վկա: Հարցին` տեղյակ եղե՞լ է համակարգում տեղ գտած կոռուպցիոն երևույթներին, Խաչիկյանը արձագանքել էր. – «Ժամանակը կգա` մենք բոլորի մասին, դրա մասին կարտահայտվենք»։







































