Իրանը մտադիր է դատական հայց ներկայացնել ԱՄՆ և եվրոպական պետությունների դեմ` առանց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թույլտվության Թեհրանի դեմ միակողմանի պատժամիջոցներ սահմանելու համար: Այս մասին հաղորդում է Trend-ը:
Նման դիրքորոշում է հայտնել Իրանի նախագահին կից Միջազգային իրավական հարցերի կենտրոնի ղեկավար Մաջիդ Ջաֆարզադեն: Այն մասին, թե որտեղ Իրանը կներկայացնի իր բողոքը, չի նշվում:
ԱՄՆ-ը, մի շարք արևմտյան երկրներ և Իսրայելը Իրանին կասկածում են խաղաղ ատոմային ծրագրի քողի ներքո միջուկային զենք ստեղծելու փորձերի մեջ: Թեհրանը հերքում է բոլոր մեղադրանքները` հայտարարելով, որ իր ատոմային ծրագիրն ուղղված է էներգետիկայի ոլորտում երկրի պահանջների բավարարմանը: Ներկայում Իրանի նկատմամբ գործում է ՄԱԿ-ի ԱԽ-ի պատժամիջոցների 4 բանաձև:
Բացի այդ, 2012-ի հուլիսի 30-ից ուժի մեջ է մտել իրանական նավթի ներկրման արգելքի մասին ԵՄ որոշումը, իսկ ԱՄՆ-ը մշտապես է ընդարձակում պատժամիջոցների ցուցակը, որոնց մեջ ներառված են իրանական ընկերություններն ու մասնավոր անձինք:









































