Գյումրիի քաղաքապետի պաշտոնի շուրջ ծավալվող իրադարձությունները դառնում են ՀՀ իշխանական համակարգի համար հերթական լակմուսի թուղթը: Այդ իրադարձությունները ցույց են տալիս, թե ինչ որակի համակարգ է իշխում Հայաստանում, թե ովքեր են դարձել պետության ղեկավարները, թե ում ձեռքին է ՀՀ քաղաքացու կյանքի որակի, պետության մրցունակության, զարգացման, անվտանգության հարցը, թե ովքեր են կազմում Հայաստանի, այսպես կոչված, «էլիտան»:
Նմանօրինակ լակմուսի թղթերը նոր չեն, համակարգը ՀՀ-ում հանրությանը դրանք մատուցել է տարիներ շարունակ, տարին մի քանի անգամ` սկսած դեռևս անկախության առաջին տարիներից, հետպատերազմական շրջանից: Վերջին հաշվով, ներկայիս «էլիտա» կոչվածը երկնքից չի ընկել, այլ իշխանական համակարգում և դրա լանջերին է հայտնվել տարիներ առաջ, անկախության առաջին իսկ տարիներից, սկսել է իրեն լավ զգալ, տեղ է ստացել, քարտ-բլանշ է ստացել, որը տեսակին հատուկ հնարամտությամբ ծառայեցրել է իր անձնական շահին, ամրացել է պետության հաշվին և դարձել պետության ճակատագրի տերը, որքան էլ որ ցավալի է դա խոստովանել: Եթե անկախության արշալույսի, հատկապես հետպատերազմական խաղաղ տարիների ընթացքում իշխող համակարգում չխրախուսվեր հենց այդ տեսակը, եթե խրախուսվեին բոլորովին այլ որակի և տեսակի պետական մեծ ու փոքր պաշտոնյաներ, ապա այդ տեսակը ներկայումս չէր լինի գերիշխող, այլ մենք կունենայինք բոլորովին այլ որակի իշխանական «էլիտա», որի պարագայում չակերտները կլինեին բացարձակապես անտեղի, իսկ պետությունը կլիներ մրցունակ, անվտանգ, կենսունակ և արդիական, իսկապես կլիներ տեխնոլոգիական, արժեքային, արդիական աշխարհայացքային կղզյակ հարավկովկասյան տարածաշրջանում:
Մինչդեռ այսօր մենք ականատես ենք դառնում, օրինակ, Վարդանիկի և Բուռնաշի բանավեճին, և այն դառնում է ՀՀ քաղաքական դաշտում կատարվող թիվ մեկ իրադարձություններից մեկը, այն դեպքում, երբ պետությունը ու հասարակությունը կանգնած են ներքին ու արտաքին լրջագույն մարտահրավերների առաջ, երբ Սիրիայի մեր տասնյակ հազարավոր հայրենակիցներ կանգնած են կյանքին սպառնացող վտանգի առաջ, երբ չեն կողմնորոշվում՝ թողնել պայթյունավտանգ և արյունոտ Սիրիան ու պաշտպանվել ՀՀ-ո՞ւմ, թե՞ մնալ ու չկորցնել տունը: Բազմաթիվ են ՀՀ ներքին ու արտաքին խնդիրները՝ տակտիկական և ստրատեգիական, ՀՀ-ն պետք է լուծի երկարաժամկետ, միջնաժամկետ ու կարճաժամկետ շատ հարցեր, մինչդեռ այդ լուծումները որոնելուն կոչված իշխանությունը ընկած է միմյանց հարցերը լուծելու ետևից, և այսօր իշխող մեծամասնությունը ևս մեկ անգամ ցույց է տալիս իր դեմքն ու որակը, ի դեմս վարդանանց բուռնաշակռվի: Այդ կռիվը, ինչպես նաև ընդհանրապես Գյումրիի քաղաքապետի շուրջ ստեղծված իրավիճակը, ներկայումս Վարդան Ղուկասյանին տրվող ՀՀԿ-ական գնահատականները, մեկնաբանությունները վկայում են, թե ինչ անտանելի մթնոլորտ է ՀՀԿ-ում մարդային առումով: Այդ մարդիկ, փաստորեն, ատում են իրար և իրար կողքի են միմիայն շահի համար, պետությունը համատեղ մսխելու համար: Եթե հանկարծ նրանցից մեկն ընկնում է ճանապարհին` այս կամ այն պատճառով չբավարարելով կենտրոնական, բարձրագույն իշխանությանը, ապա մյուսները նրան ուղղակի ոտնատակ են տալիս, տրորում մինչև վերջ, փորձում ոչնչացնել մինչև վերջին շունչը:
Պարզվում է` այդ մարդիկ իրականում միմյանց թշնամի են, պարզապես գործերի ու շահերի բերումով ամեն օր երդվում էին միմյանց հանդեպ բարեկամության մասին, կենացներ հղում միմյանց, նվերներ անում, փառաբանում, գրկում միմյանց: Դժվար է այդ ամենին մարդկայնորեն այնպիսի բնորոշում տալ, որ հարիր լինի մամուլի էջերում հրապարակավ ներկայացնելուն: Այդ ամենը, այդ մթնոլորտը, երբ մարդիկ կարող են այսօր միմյանց հանդեպ այդքան ջերմ ու ժպտերես լինել, իսկ մեկ օր անց մի հրամանով դուրս գալ և պատառոտել իրար, պարզապես նողկալի է: Եվ առավել նողկալի է ու ցավալի, որ դա ոչ թե ինչ-որ մթնոլորտ է ինչ-որ խմբում, այլ մթնոլորտ է ՀՀ իշխող կուսակցությունում, որտեղ փաստորեն կեղծիք է, համատարած երեսպաշտություն, որտեղ չկան կայուն, հաստատուն մարդկային հարաբերություններ: Համենայնդեպս, Վարդանիկի դեպքը դառնում է դրա վառ վկայությունը, թեև իհարկե կարող ենք շատ այդպիսի դեպքեր հիշել, երբ իշխանության հովանավորությունը կորցրած ՀՀԿ-ականը դարձել է օտար, դարձել է մյուսների համար պերսոնա նոն գրատա:
Մի քանի տարի առաջ, երբ Սերժ Սարգսյանը նոր էր ՀՀԿ խորհրդի նախագահի պաշտոն ստանձնել, Գալուստ Սահակյանի որդու` Արման Սահակյանի Աջափնյակի թաղապետ դառնալու ցանկությունը զսպելով հայտարարեց՝ «կուսակցությունը ոհմակ հո չէ»: Հետաքրքիր է, որ այդ պատմությունն էլ հյուսվում էր ներկայիս պատմության հերոսների մասնակցությամբ՝ Գալուստ Սահակյանը Աշոտ Աղաբաբյանի աներորդին է: Հիմա պարզվում է, որ Սերժ Սարգսյանի դիտողությունն ու դիտարկումը իսկապես շատ մոտ էր իրականությանը և հարցը իսկապես մնում է դեռևս հրատապ, որովհետև ՀՀԿ-ում իսկապես նկատվում են ոհմակային դրսևորումներ: Դա, իհարկե, կլիներ ՀՀԿ խնդիրը, և թող ՀՀԿ-ն էլ գլուխ հաներ իր ներքին իրավիճակից ու մթնոլորտից, տապակվեր դրա մեջ: Բայց այդ կուսակցությունը տնօրինում է ՀՀ պետական կառավարման բոլոր լծակները, այդ կուսակցությունն է ՀՀ վերաբերյալ որոշումների կայացմանը մասնակցում, այդ մարդիկ են կոճակ սեղմում ՀՀ համար կարևորագույն հարցերում, ու դա արդեն լուրջ խնդիր է, ազգային անվտանգության խնդիր:









































