NEWSru-ի հաղորդմամբ` գիտնականները Լեհաստանի տարածքում հայտնաբերել են դինոզավրերի ամենահին տեսակի հետքերը, որոնք ապրել են մոտ 250 մլն տարի առաջ` հայտնում է Proceedings of the Royal Society B ամսագիրը:
Մասնագետները հայտնաբերել են ընդամենը կատվի մեծության մի կենդանու ոտնահետքեր, որոնց չափը չի գերազանցում 2.5-3 սմ-ը, սակայն դա էլ բավական էր, որպեսզի այդ հետքերի միջև եղած տարածության շնորհիվ պարզ դառնա, որ դա եղել է դինոմորֆ` կենդանի, որը ծնունդ է տվել դինոզավրերին: Լեհաստանի լեռներում հայտնաբերված հետքերը հերքել են մինչ այդ գոյություն ունեցող գերիշխող կարծիքն առ այն, որ առաջին դինոզավրերը քայլել են հետևի երկու թաթերի վրա, ինչը նրանց առավելություն է տվել մյուս կենդանիների նկատմամբ: Հայտնաբերված այս կենդանին քայլել է չորս թաթի վրա: Միաժամանակ` մասնագետները հայտնաբերել են, որ առաջին թաթերն ավելի կարճ են, ինչը վկայում է նրա մասին, որ դրանք սկսել են փոքրանալ` հետագայում նմանվելով դինոզավրերի հայտնի տեսակներին:
Հետքերը հայտնաբերած գիտնական, Բնության պատմության ամերիկյան թանգարանի աշխատակից Բրուսատտեի կարծիքով` «սա խոսում է այն մասին, որ առաջին քսան միլիոն տարիների ընթացքում դինոզավրերը հազվադեպ էին և չափերով փոքր: Նրանք ապրում էին այժմյան կոկորդիլոսների նախատիպերի շվաքի տակ, որոնք այդ պահին ավելի բազմազան էին ու բազմաթիվ»: