Առավոտյան Վճռաբեկ դատարանը բողոքը բավարարեց մասնակիորեն` Սանասար Գաբրիելյանի, Արմեն Պողոսյանի և Սամվել Բաբայանի գործն ուղարկել նոր քննության: Կալանքը փոխելու մասին միջնորդությունները նույնպես բավարարվեցին: Գրավի գումարը վճարելուց դիմաց Սամվել Բաբայանը և մյուս ամբաստանյալներն ազատ արձակվեցին: Հիշեցնենք, որ առաջին ատյանի դատարանը Արցախի հերոս Սամվել Բաբայանին դատապարտել էր 6 տարվա ազատազրկման, իսկ Վերաքննիչ դատարանը վճիռը թողել էր անփոփոխ:
Դատարանի այսօրվա վճիռը թավշյա հեղափոխության հետևանքներից մեկն է. Նիկոլ Փաշինյանը խոստացել է, որ Հայաստանում չպետք է լինեն քաղաքականապես մոտիվացված բանտարկյալներ և հետևողականորեն իրականացնում է իր խոստումը:
Սակայն առնվազն Բաբայանի ազատ արձակումը հետաքրքիր է նաև ԼՂՀ-ում ծավալվող ներքաղաքական զարգացումների համատեքստում:
Արցախում, ըստ էության, տեղի է ունենում թավշյա իշխանափոխություն, որի վերջին հանգրվանը լինելու է Բակո Սահակյանի հեռացումը: ԼՂՀ գործող նախագահը խոստանում է դա անել 2020թ-ին, երբ վերջանում է նրա անցումային նախագահությունը: Արցախի հասարակության մի հատվածին նման խոստումը չի բավարարում. նրանք նախօրեին հանրահավաք են անցկացրել և պահանջել են Բակո Սահակյանի անհապաղ հրաժարականը: Հանրահավաք նախաձեռնող գործիչներն իրենց կենսագրության այս կամ այն հատվածում բացահայտ կամ քողարկված եղել են Արցախում Սամվել Բաբայանի քաղաքական շահերի կրողը: Մյուս կողմից` նրանք այսօր Բակո Սահակյանին հեռացնելու ինքնուրույն ռեսուրս չունեն: Խնդիրը միայն այն չէ, որ Բակո Սահակյանը համառորեն կառչած է իր աթոռին. իրատես լինենք` այսօր Արցախում քաղաքական լուրջ այլընտրանք գոյություն չունի և այնքան էլ ակնհայտ չէ, թե ումով է փոխարինվելու Բակո Սահակյանը:
Գուցե Բակո Սահակյանի իշխանավարման դեմ շարժումը սկսվել է հենց այն հաշվարկով, որ ազատության մեջ հայտնված Սամվել Բաբայանի դեմքով Արցախում կարող է առաջանալ լուրջ այլընտրանքային բևեռ:
Սակայն Սամվել Բաբայանի կերպարը` խարիզմատիկ լինելով հանդերձ, կոնտրստային է և, համենայն դեպս, այս պահին ավելի շատ հարցեր է ծնում: Արցախցիների մի մասի համար նա փոփոխությունների թերևս վերջին հույսն է, մյուս կողմից` շատերը դեռ չեն մոռացել, որ 90-ականներին ԼՂՀ Պաշտպանության բանակի նախկին հրամանատարն Արցախում հաստատել էր, ըստ էության, ռազմական դիկտատուրա` խանական բաղադրիչով: Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի բարդույթավորված ավտորիտարիզմը, որի դառը պտուղները ճաշակեց Հայաստանի հասարակությունը, հենց Բաբայանի ստեղծած միլիտարիզացված համակարգի հետևանքն է:
Խնդրի մյուս կողմն այն է, որ Արցախի նոր ղեկավարի հանդեպ առնվազն լոյալ վերաբերմունք պետք է լինի Հայաստանի իշխանության կողմից, մանավանդ` ԼՂՀ-ում սկիզբ առած փոփոխությունների ակունքը հենց Երևանում տեղի ունեցած հեղափոխությունն էր: Բաբայանն` իր արժեհամակարգով, բացարձակապես համահունչ չէ հեղափոխության համատեքստին, չի ասոցացվում բարեփոխումների հետ: ԼՂՀ Պաշտպանության բանակի նախկին հրամանատարն ավելի շատ նույնանում է հեռացող համակարգի հետ, մանավանդ` նրա վերջին 10-15 տարվա գործունեությունը եղել է ստվերային և կառուցվել է համակարգի հիմնական սեգմենտների` Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի օլիգարխիկ հակասությունների վրա:
Սամվել Բաբայանի ազատ արձակումը հեղափոխության դրական հետևանքներից մեկն է, սակայն դա չպետք է մեխանիկորեն հանգեցնի նրա քաղաքական հավակնությունների լեգիտիմացմանը:










































