Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական հանցագործությունների հակազդման վարչության աշխատակիցները Գորիսի պետական համալսարանում կաշառակերության դեպք են բացահայտել: Մասնավորապես՝ 2015 թվականին համալսարան ընդունված ուսանողներից մեկը, ընդունվելով համալսարան և դասերին չհաճախելով, ստացել է կիսամյակային ստուգարքներն ու քննությունները:
Ոստիկանները պարզել են, որ ուսանողի հայրը կաշառք է տվել Գորիսի համալսարանի փոխտնօրենին: Բացի այդ, այս տարի հունվար-մայիս ամիսներին տվյալ ուսանողի մայրը կաշառքներ է տվել նաև բնագիտության ֆակուլտետի գործավարուհուն, որը պետք է այդ գումարի մի մասը փոխանցեր տնտեսագիտության ֆակուլտետի դեկանին, որպեսզի ուսանողն առանց դասերի հաճախելու, քննություններ և ստուգարքներ ստանա:
Գորիսի պետական համալսարանի ռեկտոր, բուհի նախկին ղեկավար Արտուշ Ղուկասյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ կատարվածի մանրամասներից տեղյակ չէ: «Մանրամասներին տեղյակ չեմ, բայց մի քանի օր է ինչ-որ գործողություններ էին կատարվում բուհում, որոնց արդյունքներից ես տեղյակ չեմ»,- ասաց Ղուկասյանը:
Այսինքն՝ դուք տեղյակ չե՞ք եղել, որ ձեր ղեկավարած բուհում դասախոսներն ու դեկանները կաշառակերությամբ են զբաղված. «Դե իհարկե տեղյակ չեմ եղել: Եթե տեղյակ լինեի, միջոցներ կձեռնարկեի դրա դեմ»,- ասաց Ղուկասյանը:
Այսինքն՝ հնարավո՞ր է Գորիսի պետական համալսարանում դասի չգալ, բայց փողի դիմաց քննություններ ու ստուգարքներ ստանալ՝ հարցրինք ռեկտորից. «Իհարկե չի կարելի և հնարավոր չէ: Բայց եթե ինչ որ դեպքեր են եղել, դրանք պետք է խիստ հետաքննվեն և արժանի գնահատական ստանան: Դա շատ վատ երևույթ է, եթե, իհարկե, պարզվի, որ դա կա ու եղել է նման բան»:
Ռեկտորից նաև հետաքրքրվեցինք՝ կատարվածն իր վատ կառավարման հետևա՞նքն է, որ իր բուհում իր աշխատակիցները կաշառակերությամբ են զբաղվում։ «Չեմ կարող ասել: Գնահատականները հետո: Բայց պետք է բացառել նման դեպքերը հաջորդիվ: Պետք է բացառել այդ մտածողությունն առհասարակ»,- եզրափակեց Գորիսի պետական համալսարանի ռեկտոր Արտուշ Ղուկասյանը:
Հիշեցնենք, որ Ղուկասյանն այս պաշտոնում նշանակվեց այն բանից հետո, երբ որոշում կայացվեց համալսարանն ազատել Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանին ընդդիմացող կադրերից: Այդ իսկ պատճառով էլ Յուրա Սաֆարյանին փոխարինեց Արտուշ Ղուկասյանը:
Հիշեցնենք, որ Սուրիկ Խաչատրյանը հանդիսանում էր Գորիսի պետական համալսարանի կառավարման խորհրդի նախագահը, սակայն մարզպետի ու մարզի ՀՀԿ կառույցի ղեկավարի պաշտոններին հրաժեշտ տալուց հետո, լքեց նաև այդ պաշտոնը: Ներկայումս բուհի կառավարման խորհրդի նախագահը մարզպետ Վահե Հակոբյանն է:










































