«Այսօր շուկայական հարաբերություններ են գործում, և շուկան է որոշում ապրանքի գինը»,- երեկ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով մթերվող ծիրանի գնի հետ կապված գյուղացիների բողոքներին, նման տեսակետ է հայտնել ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը: «Կան մի քանի ընկերություններ, որոնք արտահանում են, և կան բազմաթիվ տնտեսություններ, որոնք արտադրում են ծիրանը: Շուկան է այսօր որոշում գինը, մենք չենք կարող կոորդինացնել այն, իսկ այլ բողոքների պարագայում կան արդեն այլ գերատեսչություններ, որտեղ կարելի է դիմել, եթե կա որևէ օրենքի հստակ խախտում»,- հավելել էր նախարարը:
Գյուղացիները, սակայն, բնավ համաձայն չեն նախարարի դիտարկման հետ: Նրանց խոսքով՝ տարիներ շարունակ հենց իրենք են որոշել ծիրանի գինը, իրենց գնով են մթերել, և մթերողը հաշվի է նստել գյուղացու կարծիքի հետ:
«Էդ մեկ էլ հանկարծ ինչպե՞ս եղավ, որ շուկան սկսեց որոշել մեր ապրանքի գինը: Մենք էլի գյուղացի ենք, բայց դեբիլ չենք: Շատ լավ էլ հասկանում ենք, թե ով է ապրանքի գինը որոշում՝ շուկա՞ն, թե՞ Ռոբերտ Քոչարյանը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասացին Արարատի մարզի Դվին համայնքի գյուղացիները:
Նշենք, որ ըստ մամուլի հրապարակումների՝ «Սպայկա» ընկերությունը պատկանում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքին:
«Էդ ինչի՞, երբ «Սպայկան» նախկինում էս ծավալներով չէր տանում ծիրանը, մենք կարողանում էինք մեր գինը ասեինք: Մինչև մթերողը մեր գնի հետ չէր համաձայնում, այգի չէինք թողնում մտնի: Հիմա էդ ո՞նց եղավ, որ խեղճացել ենք: Սաղ նորմալ անհատ մթերողներին դաշտից քշել են: Սաղ վերցրել են իրենց ձեռը, իսկ գյուղացու ձենն էլ կտրել են: Ի՞նչ անենք՝ չմթերենք բերքը, կմնա ծառերի վրա, կփչանա, կգնա: Ստիպված հիմա էլ մենք ենք հաշվի նստում իրենց ասած գնի հետ: Թող ստից ձևեր չթափեն՝ շուկան է որոշում, չգիտեմ ինչ: Սաղս էլ շատ լավ հականում ենք՝ ով է որոշում և ինչ»,- հավելեցին գյուղացիները:
Նույն վիճակը նաև հարակից համայնքներում է: Եթե բերքը շատ չէ, և գյուղացին հնարավորություն ունի, ինքն է քաղում և տանում շուկա: Բայց դա լրացուցիչ ժամանակ և միջոցներ է պահանջում: «Ես այգի ունեմ, շատ չեն ծառերս: Ընտանիքով քաղում ենք, տանում եմ Մալաթիայի շուկա, վաճառում եմ, բայց դա էլ մի բան չի: Պատկերացրեք, էլեկտրիչկայով, մեքենայով, ինչով պատահի՝ բերքս մի կերպ շուկա եմ հասցնում, տեղի փող եմ տալիս, ժամանակ եմ ծախսում, որ երկու կոպեկ փող աշխատեմ: Դրա համար էլ շատ ժամանակ ասում եմ՝ թքած գնի վրա, բակից տալիս եմ՝ գնում է: Այդքան ուժ չկա»,- ասաց այգեվանցի Մարինեն:
Մեր զրուցակիցների խոսքով՝ հիմա էլ կան անհատ մթերողներ, շատ են, բայց նրանք որ տեսնում են, թե «Սպայկան» ինչ գնով է մթերում, իրենք էլ են ցածր գին առաջարկում: «Հո անհատը գիժ չի, որ տեսնի՝ «Սպայկան» 300-400 դրամ ա ասում, ինքը գա ասի՝ չէ, գյուղացի ջան, դու շատ ես չարչարվել, արի ես քո բերքը 700-ով մթերեմ: Չկա տենց բան: Բոլորն էլ գյուղացու ատամները հաշվել են: Սաղ էլ իրար հետ պայմանավորված են գործում: Էս է մեր վիճակը: Ոնց են անեկդոտի մեջ ասում՝ ուզում ես ուզի, չես ուզում՝ ուզի: Բոլորն իրենց մասին մտածում են, մենակ գյուղացու մասին մտածող չկա»,- նկատեցին մեր զրուցակից գյուղացիները:
Ի դեպ, գյուղնախարարը երեկ անդրադարձել էր այն մտահոգություններին, թե արտահանող կազմակերպությունները համաձայնության են եկել և արհեստականորեն գցում են գինը: Նախարարն այս դեպքում էլ գտավ «լուծումը»: Նրա խոսքով՝ դրա համար կա հակամրցակցային հանձնաժողով, որտեղ կարող են այդ հարցը բարձրացնել, թե արդյոք կա՞ պայմանավորվածություն, որ գինը նվազում է: «Հանձնաժողովն է հաստատում, թե որ ընկերությունն է համարվում գերիշխող, դա իրենց գործառույթն է: Իմ կարծիքով՝ անցած տարի նույնն է եղել շուկայում՝ գինը բարձրից իջել է: Երբ որ բերքը շատ է, գինը պետք է իջնի, ես չեմ կարծում, որ բերքը քիչ լիներ՝ գինը կնվազեր»,- ասաց Առաքելյանը:
Գյուղացիները համաձայն չեն նաև նախարարի այս դիտարկման հետ: Նրանց խոսքով՝ այնպես չէ, որ այս տարի բերքը շատ է: Նորմալ բերք է: Ավելի բերքառատ տարիներ են եղել, բայց ծիրանի առաջին քաղի ժամանակ նորմալ գին է առաջարկվել գյուղացուն: «Մի քանի տարի առաջ առաջին քաղի համար անգամ 1900-1800 դրամ գին ա առաջարկվել գյուղացուն, ու էդ տարին էլ բերքը շատ լավ էր: Անցած տարի էս նույն ժամանակ, այսինքն՝ առատ բերքահավաքի ժամանակ, մինչև 700 դրամ գին էր առաջարկվում, ու 400-ից էլ չիջավ գինը: Բայց էս տարի՝ մեկ-երկու, մեկ էլ 300 դրամ դարձավ ծիրանը: Ու շուկան ոչ մի կապ չունի: Մթերողները իրար հետ տենց որոշեցին ու տենց գին քցեցին»,- ասաց Սուրենավան համայնքում ծիրանի այգիներ ունեցող Արմենը:
Գյուղացիները ստեղծված իրավիճակից ելք չեն տեսնում: Միայն մտածում են, որ գուցե հնարավոր է կառավարության աջակցությամբ մի ընկերություն, միավորում ստեղծել, որը կզբաղվի միայն մթերումներով և կպաշտպանի գյուղացու շահը, այլ ոչ թե գյուղացին կթողնվի մասնավորի քմահաճույքին:








































