Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Դոնբասից Թուրքիա ուղարկվել է թուրք-մեսխեթցիներով (Ախալքալաքի թուրքեր) հերթական ինքնաթիռը։ Այդ մասին հայտնել է Ուկրաինայում Թուրքիայի դեսպանատան խորհրդական Էմրե Մանավը։
Նրա խոսքերով՝ թուրք-մեսխեթցիներով օդանավը Խարկովից ուղևորվել է Էրզինջան (Երզնկա)։ Մանավն ընդգծել է, որ թուրք-մեսխեթցիների հերթական խմբաքանակը Թուրքիա կուղարկվի ապրիլին, իսկ ընդհանրապես պլանավորված է, որ թուրք-մեսխեթցիների վերաբնակեցման ծրագիրն առնչվելու է մոտ 3000 մարդու։
Մանավը հայտարարել է, որ այդ գործընթացը շարունակվելու է անգամ այն ժամանակ, եթե Դոնբասում ամբողջովին դադարեն ռազմական գործողությունները. «Դա կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ նրանք ցանկանում են դա»։
Մարտի 3-ին Դոնբասից Թուրքիա ուղարկվել է 182 թուրք-մեսխեթցի։ Մանավի խոսքերով՝ 2015 թվականի դեկտեմբերի վերջին Թուրքիա է ուղարկվել մոտ 350 թուրք-մեսխեթցի, որոնք արդեն իսկ դիմել են Թուրքիայի քաղաքացիություն ստանալու համար։ Այդ հարցը գտնվում է դիտարկման փուլում։










































