Գերմանիայի իշխանությունները խորին ափսոսանքով են ընդունել Սաուդյան Արաբիայի և Իրանի միջև դիվանագիտական հարաբերությունների խզման մասին տեղեկությունը և երկու երկրներին երկխոսության կոչ են անում։ Այս մասին լրագրողներին հայտնել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերտը՝ փոխանցում է RIA Novosti-ն։
«Մենք երկու պետություններին՝ ինչպես Սաուդյան Արաբիային, այնպես էլ Իրանին, երկխոսության կոչ ենք անում»,- ասել է Զայբերտը։ «Մենք դիմում ենք երկու պետություններին՝ հարաբերությունների բարելավման համար ցանկացած հնարավորություն օգտագործելու կոչով»,- ասել է նա։
Զայբերտի խոսքով՝ «դիվանագիտության համար դուռը միշտ պետք է բաց մնա»։ Կառավարության ներկայացուցիչը հայտարարել է նաև դիվանագիտական առաքելությունների վրա հարձակումների անթույլատրելիության մասին։










































