Thursday, 25 04 2024
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով

«Իսլամիստները Ռուսաստանից վրեժխնդիր լինելու դեպքում կարող են թիրախ դարձնել նաև Հայաստանը». Jane’s Intelligence

«Հայաստանի համար իրական վտանգ է երկրի վարկանիշը: Հայաստանը թե՛ Արևմուտքում, թե՛ Մերձավոր Արևելքում դիտվում է իբրև  Ռուսաստանի արբանյակ պետություն: Իսլամիստ զինյալները, որոնք Սիրիայում կռվում են Ռուսաստանի դեմ կամ հարվածներ են ստանում ռուսական օդուժից, վրեժխնդիր լինելու դեպքում կարող են թիրախ դարձնել ոչ միայն Ռուսաստանը, այլև նրա արբանյակ երկրները, հատկապես Հայաստանը: Առավել ևս, որ Հայաստանը քրիստոնյա երկիր է»:

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Jane’s Intelligence պաշտպանության և անվտանգության հարցերով վերլուծական կենտրոնի ԱՊՀ-ի և Ռուսաստանի հարցերով առաջատար վերլուծաբան Լիլիթ Գևորգյանը:

– Լիլիթ, իրադարձությունները Մերձավոր Արևելքում և հատկապես Սիրիայի պատերազմը փաստորեն ազդեցին նաև Եվրոպայի վրա՝ եվրոպական երկրների համար առաջացնելով անվտանգության լուրջ սպառնալիքներ: Այս իմաստով իսլամական արմատականությունը, ահաբեկչության աճը նշված տարածաշրջանում ինչ-որ կերպ սպառնո՞ւմ է Հարավային Կովկասի երկրներին և հատկապես Հայաստանին:

– Ես չեմ կարծում, որ Հայաստանին հիմա անմիջական վտանգ է սպառնում: Վտանգը ավելի մեծ է այն երկրների համար, որտեղից այդ իսլամիստ զինյալներն են գնում: Մասնավորապես, խոսքը Ռուսաստանի, Ադրբեջանի, Վրաստանի և, իհարկե, Կենտրոնական Ասիայի երկրների մասին է: Ինչպես ցույց է տալիս Եվրոպայի փորձը, այն զինյալները, ովքեր  որոշում են վերադառնալ, շատ ավելի ծայրահեղական են, ռազմական տեսակետից ավելի լավ պատրաստված և ավելի վտանգավոր: Փարիզում վերջին հարձակումը հենց դրա օրինակն էր: Քանի դեռ այդ զինյալները գործում են Սիրիայում, Հարավային Կովկասում ահաբեկչության վտանգը կա:

Ռուսաստանը բավական երկար ժամանակ աչք էր փակում  զինյալների արտահոսքի վրա: Նրանք ավելի զգոն են, երբ այդ զինյալները փորձում են հետ գալ: Բայց հաշվի առնելով թե Ռուսաստանի, թե Ադրբեջանի և թե Վրաստանի ներքին գործերի նախարարությունների, հատուկ ծառայությունների պատրաստվածության մակարդակը՝  նրանց վերադարձը հնարավոր չէ լիովին կանխել: Որոշ քայլեր, իհարկե, արվում են: Օրինակ՝ վերջին մի քանի ամսվա ընթացքում Ադրբեջանի իշխանությունները հաղորդել են մի քանի ձերբակալությունների մասին: Բայց խնդիրն այն է, և ինչպես Փարիզի դեպքերը ցույց տվեցին, ահաբեկչությունը մեծ թվով մարդկանց կարիք չունի՝ փոքրաթիվ խումբը մեծ վնաս կարող է հասցնել:

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա այն տեղական մուսուլման զինյալներ դեռ չունի: Չեմ կարծում, թե տեղեկությունները, որ վերջերս Հայաստանում իբր նման խումբ է բացահայտվել, մոտ են իրականությանը, քանի որ նրանց վարքագծի նկարագրությունը, կազմը, զինյալ դիմադրության բացակայությունը չեն համապատասխանում «Իսլամական պետության» անդամների կամ համախոհների վարքագծին: Բայց պիտի տեսնենք, թե ի վերջո ինչ են բացահայտում Հայաստանի իշխանությունները հետաքննություններից հետո:

Հայաստանի համար իրական վտանգ է երկրի վարկանիշը: Հայաստանը թե՛ Արևմուտքում, թե՛ Մերձավոր Արևելքում դիտվում է իբրև  Ռուսաստանի արբանյակ պետություն: Իսլամիստ զինյալները, որոնք Սիրիայում կռվում են Ռուսաստանի դեմ կամ հարվածներ են ստանում ռուսական օդուժից, վրեժխնդիր լինելու դեպքում կարող են թիրախ դարձնել ոչ միայն Ռուսաստանը, այլև նրա արբանյակ երկրները, հատկապես Հայաստանը: Առավել ևս, որ Հայաստանը քրիստոնյա երկիր է:

Տեսականորեն որքանո՞վ է հավանական, որ նմանատիպ խմբավորումները կարող են հայ-թուրքական սահմանից ներթափանցել Հայաստան, որովհետև Թուրքիայի արևելյան քրդաբնակ շրջաններում էլ վիճակը բավական անկայուն է: Թուրքիան էլ ակտիվորեն ներգրավված է այդ գործընթացներում:

– Թուրքիա-Սիրիա սահմանի թույլ վերահսկողությունը երկար ժամանակ է, ինչ մեծ առավելություն է տալիս իսլամիստներին: Անվտանգության ռիսկերը մեծացել են, քանի որ այդ սահմանը փակ չէ: Փարիզի ահաբեկչության հեղինակները կարողացել էին հանգիստ կտրել-անցնել սահմանը և Թուրքիայում որևէ ստուգումների չենթարկվելով՝ մտնել Եվրոպա: Հիմա Թուրքիան ՆԱՏՕ-ի իր դաշնակից Ֆրանսիայի ճնշման տակ խոստանում է սահմանը փակել, բայց  չեմ կարծում, որ Անկարան լիովին սահմանը փակի, քանի որ նման ցանկություն չունի, բայց որոշ քայլեր կարվեն, որ ՆԱՏՕ-ին ցույց տան, թե քայլեր են ձեռնարկվում: Օբյեկտիվորեն, իհարկե, այդ սահմանը ամբողջովին հսկելը շատ դժվար է, այն երկար ժամանակ օգտագործվել է քրդերի կողմից, երբ թուրքական իշխանություններն իսկապես ուզում էին նրանց շարժումը կանխել, բայց այդպես էլ չկարողացան դրան լիովին հասնել:

Հայաստանում իսլամիստների ահաբեկչական ակտի վտանգ կա,  բայց Մոսկվան շատ ավելի գրավիչ թիրախ է ահաբեկչություն իրականացնելու համար, քան երևանյան արվարձանը: «Իսլամական պետությունը»  ահաբեկչությունը օգտագործում է իբրև նոր զինյալների հավաքագրման և քարոզչության միջոց: Ուստի գերտերությունների բնակիչներին ահաբեկելը նաև ուժի ցուցադրում է և արդյունավետ քարոզչական միջոց իրենց շարժումը հատկապես երիտասարդ մուսուլմանների համար գրավիչ դարձնելու համար: «Իսլամական պետության» վարքագիծը որոշ առումով նվազեցնում է ահաբեկչության ռիսկը Հայաստանում, բայց նորից պիտի կրկնեմ՝ քանի որ Թուրքիա-Սիրիա սահմանը բաց է, հնարավոր է՝ այս ուժերը ներթափանցեն:

– Կովկասյան տարածաշրջանում ստեղծվել է հայ-ռուսական հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) միասնական համակարգ: Սա ի՞նչ քաղաքական նշանակություն ունի մեզ համար և ի՞նչ կապ ունի Ռուսաստանի հակաահաբեկչական գործունեության հետ:

Ես չեմ կարծում, թե սա կապված է ահաբեկչության ռիսկի հետ: Պարզապես Ռուսաստանը կոնսոլիդացնում է իր ռազմական ներկայությունը տարածաշրջանում: ՀՕՊ  դաշինք կնքելը նույնպես այդ համախմբման մի մասն է: Մինչև ռուսական ռազմական ինքնաթիռի կործանումը Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերություններն արդեն իսկ լարված էին: Ռուսաստանը պարզապես ուզում էր խստացնել Հայաստանի և Թուրքիայի սահմանի պաշտպանությունը: Ըստ իս՝ Ռուսաստանն այդ սահմանն ավելի շատ համարում է իր ներքին սահմանը, քան Հայաստանինը: Ինչ վերաբերում է բուն պայմանագրին, դրա մասին քննարկումները վաղուց եղել են, պարզապես երևի Ռուսաստանի համար եկել էր այդ գործընթացն արագացնելու և ավարտելու ժամանակը:

– Բայց Սիրիայի հակամարտության հետ ամեն դեպքում կապ ունի, այդպես չէ՞:

– Պարզ է, որ սիրիական ճգնաժամը Ռուսաստանին ավելի հարավ բերեց, իսկ Արևմուտքի և ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի հետ դիմակայությունը ստիպում է ավելի ամրապնդել դիրքերը Հարավային Կովկասում: Ռուսաստանը, իհարկե, կուզի հետ տալ ժամացույցը և վերադառնալ Արևմուտքի հետ նախաուկրաինական հարաբերություններին, բայց մյուս կողմից՝ Մոսկվան իրեն զգում է պաշարված ու հարվածի տակ, դրա համար կարծում է, որ գոնե պիտի պաշտպանի իր ունեցածը Հայաստանում, ընդլայնի իր ռազմական ներկայությունը, որի մեջ մտնում է նաև օդային պաշտպանության կարողությունների ավելացումը:

Թուրքիայի հարձակումը ռուսական ռազմական ինքնաթիռի վրա ցույց տվեց, որ Էրդողանի քայլերն անկանխատեսելի կարող են լինել, ինչն ավելի նյարդային է դարձրել Ռուսաստանին:

– Իսկ ընդհանրապես՝ ռուս-թուրքական լարվածությունը որքա՞ն կխորանա:

– Իմ կարծիքով՝ երկու կողմերն էլ չեն ուզում, որ շատ խորանա, որովհետև Թուրքիայի որոշ դաշնակիցներ (հատկապես Ֆրանսիան), ըստ իս, շատ տհաճ կերպով են ընդունել թուրքերի կողմից ինքնաթիռը խոցելու լուրը: Հարվածը եղավ այն պահին, երբ Ֆրանսիան փորձում էր հակաիսլամիստական կոալիցիա կազմել: Ինձ թվում է, որ կուլիսների ետևում ՆԱՏՕ-ի որոշ անդամներ բավական մեծ ճնշում են գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի նման դեպքեր այլևս չլինեն, որ ավելին՝ թուլացվի լարվածությունը ՌԴ-ի հետ:

Մոսկվան էլ հետաքրքրված չէ նման էսկալացիայով: Նա Թուրքիայի հարվածը դիտում է որպես հաշվարկված մի քայլ, որպեսզի ՌԴ-ն ու Արևմուտքը չկարողանան համագործակցել Սիրիայում: Այս առումով Սիրիայում ռուս-թուրքական շահերի բախումը հաստատ կշարունակվի: Այդ բախումները կլինեն բանակցությունների սեղանի շուրջ, բայց ոչ ուղղակի ռազմական առճակատում: Իսկ եթե ռազմական առճակատում չկա, ապա պիտի որ ժամանակի ընթացքում լարվածությունը թուլանա:

Խնդիրն այն է, որ Պուտինն ու Էրդողանը բավական շատ նմանություններ ունեն իրենց ներքաղաքական իմիջի, գործելաոճի, ընտրազանգվածի հետ աշխատելու առումով: Այդ պատճառով ՌԴ-ն ուզում է նաև պատրաստված լինել հատկապես Էրդողանի դեպքում, որ երկրորդ անգամ անակնկալի չգա: ՌԴ-ի տնտեսական պատժամիջոցները գոնե մեկ տարի կմնան, բայց երկարաժամկետ համագործակցության ծրագրերը դեռ սառեցվել են: Երկու երկրներում էլ կան ռուսամետ և թուրքամետ լոբբիներ, որոնք կարող են հարթել հարաբերությունները, քանի որ այդ ներդրումային ծրագրերը փոխշահավետ են:

– Վերջին շրջանում շատ քննարկվեցին այն հարցերը, որ ռուսթուրքական հակամարտությունը կարող է բացասաբար ազդել նաև Հայաստանի և նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության վրա: Ըստ այդ սցենարի՝ Թուրքիան կարող է ՌԴ-ի հետ կոնֆլիկտը տեղափոխել հայթուրքական սահման՝ դիմելով ինչոր ռազմական սադրանքների, կամ հրահրել «եղբայրական» Ադրբեջանին հայերի դեմ: Ինչպե՞ս  կմեկնաբանեք այս կարծիքները:

Սա ծայրահեղ սցենար է, որը կարող է լինել, եթե նոր, շատ ավելի վտանգավոր ռազմական բախում լինի Թուրքիայի և Ռուսաստանի միջև, երբ երկկողմ հարաբերությունները բացարձակապես դադարեցվում են, և երկու երկրները բախվում են բոլոր ճակատներում: Նույնիսկ այդ դեպքում կասկածում եմ, որ Ադրբեջանը կհամաձայնի դառնալ Թուրքիայի  գործիքը: Ադրբեջանը կհամաձայնի հակառուսական և թրքամետ դիրք գրավել միայն այն դեպքում, եթե Արևմուտքից լիակատար պաշտպանության երաշխիքներ ունենա: Նման քայլի դիմելը շատ վտանգավոր արկածախնդրություն կլինի Ադրբեջանի համար: Ավելին՝ Արևմուտքը հազիվ թե աջակցի Թուրքիային այդ հարցում: Թերևս աջակցություն կարող է լինել միայն այն դեպքում, եթե տպավորոթյուն ստեղծվի, որ Ռուսաստանն է հրահրում Հայաստանի միջոցով պատերազմ ադրբեջանցիների դեմ, և իբր Ադրբեջանը ռուս-թուրքական դիմակայության կամ ավելի ճիշտ՝ ռուսական էքսպանսիայի զոհն է: Այդ դեպքում Ադրբեջանը դառնում է երկրորդ Ուկրաինա Արևմուտքի համար:

– Ադրբեջանը հիմա կարծես երկու քարի արանքում լինի:

– Այո, իսկապես Ադրբեջանը շատ վատ վիճակում է հայտնվել, և ինձ թվում է` Ադրբեջանի ղեկավարությունն արդեն փորձել է հավաստիացնել իր ջերմ հարաբերությունները ՌԴ-ի հետ: Ի վերջո, Թուրքիան և Ադրբեջանը, էթնիկ ընդհանրություններից բացի, ունեն նաև կրոնական մեծ տարբերություններ. չմոռանանք, որ Ադրբեջանում դավանում են իսլամի շիա ուղղությանը:  Փաստորեն, Սիրիայի դեպքում նրանք գտնվում են լրիվ հակառակ ճամբարներում: «Իսլամական պետությունը»  շիաների մեծ թշնամին է:

Այդ պատճառով պետք չէ միանգամից ենթադրել, թե Ադրբեջանը մեծ ուրախությամբ կհամաձայնի գործիք դառնալ Թուրքիայի ձեռքին: Իմ կարծիքով` Թուրքիան ավելի շատ շահագրգռված էր, նախ, ՌԴ-ին ցույց տալու, որ իրենք ունեն դաշնակիցներ Հարավային Կովկասում, երկրորդը՝ տեսնել, թե ինչքանով է հնարավոր ընդլայնել էներգետիկ համագործակցությունը, որն այս պահին այնքան էլ իրատեսական չի. Ադրբեջանը չի կարող գոնե մոտակա երեք տարիներին փոխարինել ռուսական գազը: Վերջերս հայտնի դարձավ, որ Ադրբեջանն ինքն է սկսել ռուսական գազ ներկրել, որովհետև սեփական արտադրանքը չի բավականացնում:

Կարելի՞ է ասել, որ ռուս-թուրքական հարաբերությունների կտրուկ վատթարացումն ավելի մշուշոտ է դարձնում ՀայաստանԹուրքիա հարաբերությունների կարգավորման հեռանկարը:

Այո: Հայաստանի հարաբերությունը Թուրքիայի հետ այդպես էլ չնորմալացավ, իսկ 2009-ի թերմշակված արձանագրություններն ավելի մեծ վնաս հասցրին, քան օգուտ: Հիմա, երբ Հայաստանը դիտվում է որպես Ռուսաստանի արբանյակ երկիր, չեմ կարծում, որ թուրքերը այսօր լրջորեն կմոտենան Հայաստանի հետ հարաբերությունների բարելավմանը:

Բացի այդ, պետք է հիշենք, որ Հայաստանի հետ հարաբերությունները բարելավելու հիմնական խթանը Թուրքիայի անդամակցությունն էր Եվրամիությանը, որն այս պահին սեղանին չէ: Եթե այդ հարցը վերադառնա, ապա Թուրքիան գոնե նոմինալ, այսինքն՝ ձևական փորձեր պիտի անի Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու համար: Բայց այսօր Եվրոպան, փախստականների համար Թուրքիային 3 միլիարդ եվրո տալուց բացի, պատրաստ չէ նրա հետ բանակցություններ սկսել: Թուրքիան փախստականների և Սիրիայի հարցը շահարկելով՝ փաստորեն, փորձում է Եվրամիությունից զիջումներ կորզել՝ չնայած նրան, որ Թուրքիան ինստիտուցիոնալ և մարդու իրավունքների առումով հսկայական հետընթաց է ապրել վերջին մի քանի տարիներին՝ մեծացնելով անջրպետը ԵՄ-ի հետ:

Բացի այդ, Թուրքիայի վարքագիծը «Իսլամական պետության» նկատմամբ ավելի է նվազեցրել թուրքերի վարկանիշը Եվրոպայում:

Եվ վերջապես՝ ՀՀ իշխանությունները Թուրքիայի հետ հարաբերությունների նորմալացման հարցում կգործեն որպես Ռուսաստանի արբանյակ երկիր: Եթե անգամ Թուրքիան նորմալացման առաջարկ անի, Հայաստանը չի կարողանա այն ընդունել՝ Ռուսաստանի հետ հարաբերությունները չվատացնելու պատճառով:

– Բայց տեսականորեն Թուրքիան չի՞ կարող ինչ-որ քայլ անել այդ ուղղությամբ:

– Կարող էր անել, եթե գոնե որոշ չափով համոզված լիներ, որ Երևանը կարձագանքի իր առաջարկին: Եթե նման քայլ անեն ու մերժվեն, Էրդողանի ընտրազանգվածը չի հասկանա, թե ինչու է Անկարան բարեկամական ձեռք մեկնել Ռուսաստանի դաշնակից Հայաստանին:

Ըստ իս՝ Հայաստանը կկարողանա լավ հարաբերություններ ունենալ այն Թուրքիայի հետ, որը պատրաստվում է Եվրամիություն մտնել,  որտեղ քրդական հարցը խաղաղ լուծման  ճանապարհին է, և իշխանության գլխին ազգայնական գործիչներ չեն:

Իսկ այդ Թուրքիան դեռ գոյություն չունի: Նեոօսմանյան երազանքներ ունեցող ներկայիս Թուրքիան դժվար թե կարողանա լավ հարաբերություններ ունենալ Հայաստանի հետ: Բայց սա խնդրի թուրքական մասն է:

Այլ խնդիր է, որ Հայաստանը չունի արտաքին քաղաքական հստակ դիրքորոշում Թուրքիայի և Եվրամիության նկատմամբ: Միակ հստակ դիրքորոշումը քաղաքականությունն է ՌԴ-ի ուղղությամբ: Վերջին երկու տարիները ցույց տվեցին, որ հայ-ռուսական հարաբերություններում ամեն ինչ շատ պարզ է. Հայաստանը հիմնականում անում է այն, ինչ Մոսկվան է թելադրում:

– Այս գործընթացներն ի՞նչ հնարավորություններ են ստեղծում Հայաստանի համար, և ի վերջո՝ ինչո՞ւ է Հայաստանն այսքան պասիվ:

– Հայաստանն իսկապես շատ պասիվ է այս իրադարձությունների ընթացքում. որևէ արձագանք չտվեց: Բայց սա զարմանալի չէ: Իրականում Մաքսային միությանը միանալուց հետո պասիվությունը ՀՀ արտաքին քաղաքականության մեթոդն է:  Հայաստանի քաղաքականությունը արդեն շատ վաղուց ռեակտիվ է, ոչ թե պրոակտիվ. որևէ քայլ չի ձեռնարկվում՝ մինչև որ Երևանը հարկադրված չի լինում արձագանքել կատարվածին: Սա հնարավոր քաղաքական  տեսլականի բացակայության և թույլ կադրային բազայի հետևանք է:

Բացի դրանից, պիտի նաև օբյեկտիվորեն ասել, որ աշխարհաքաղաքական փոփոխությունները տարածաշրջանում բավականին կտրուկ են, և Հայաստանի պես փոքր երկրների համար մանևրելու հնարավորությունը քիչ է: Եթե Հայաստանը նախկինում գոնե փորձում էր  հավասարակշռված քաղաքականություն վարել, ապա հիմա թերևս Երևանը կարծում է, որ Մոսկվան նույնիսկ նման փորձը կարող է դիտել իբրև անհավատարիմ քայլ:

Ի՞նչ կարող էր լինել, եթե Հայաստանն ունենար ավելի պրոակտիվ քաղաքականություն: Նախ՝ ցանկացած ճգնաժամ իրենից ներկայացնում է նաև լավ հնարավորություններ: Հայաստանը կարող էր ավելի հստակ ներկայացնել Մոսկվային իր արժեքը տարածաշրջանում Ռուսաստանի համար: Հայաստանի բնակչությունն ու հատկապես իշխանությունները ստեղծել են այն կարծիքը, թե Հայաստանը գոյատևում է միայն Ռուսաստանի շնորհիվ, և որ հայերը ստացողի դերում են, իսկ Ռուսաստանը՝ դոնորի: Իրականում պատկերը բոլորովին այլ է, որովհետև սա փոխշահավետ հարաբերություն է:  Ավելին՝ դժվար է պատկերացնել, թե արդյոք ո՞ր երկիրը տարածաշրջանում կհամաձայնի ընդունել ռուսական բազաները, եթե Հայաստանը հրաժարվի: Հայաստանի կորստով Հարավային Կովկասը ևս կարող է ստրատեգիական գլխացավանք դառնալ Ռուսաստանի համար:

Կարծես ՀՀ իշխանությունները պատրաստ չեն ՌԴ-ին գոնե կուլիսների ետևում ստիպել, որ առնվազն անվտանգության հարցերում ՌԴ-ն ավելի հավատարիմ դաշնակից լինի, քան հիմա է: Ի վերջո՝ ռուսական ներկայության ամենամեծ արդարացումը Հայաստանի անվտանգության ապահովումն է, սակայն ռուսական բազաների ներկայությունը նոր վտանգներ է ստեղծում Հայաստանի համար, իսկ իրավիճակը Հայաստանի արևելյան սահմաններում և հատկապես Լեռնային Ղարաբաղում ավելի է սրվում:

Հայաստանի համար դաշնակցային հարաբերությունների լավ օրինակ կարող է լինել ՆԱՏՕ-ի արձագանքը ռմբարկուի կործանմանը: Թեև ՆԱՏՕ-ի շատ անդամների համար Անկարայի վարքը հնարավոր է՝ անընդունելի էր, միևնույն է, նրանք միասնական ճակատ ցույց տվեցին՝ պաշտպանելով իր տարածքը պաշտպանելու Թուրքիայի իրավունքը: Ավելորդ է ասել, որ Ռուսաստանի հետ ռազմական բախման դեպքում Թուրքիան ՆԱՏՕ-ի լիակատար աջակցությունը կստանա, և աներևակայելի կլինի մի իրավիճակ, որ ՆԱՏՕ-ի անդամները Ռուսաստանին վաճառեն զինատեսակներ, որոնք կարող են օգտագործվել Թուրքիայի դեմ: Իսկ Հայաստանն արդեն վաղուց մենակ է իր սահմանների պաշտպանության հարցում, ավելին՝ Ռուսաստանը շարունակում է զենքի վաճառքը Ադրբեջանին: Հայաստանի տխուր օրինակը նաև ցույց է տալիս, որ ՀԱՊԿ-ը բացառապես ստեղծված է Ռուսաստանի շահերի պաշտպանության համար. այն հավասարների ռազմական դաշինք չէ:

Իմ կարծիքով՝ Հայաստանը կարիք ունի վերաձևակերպելու իր հարաբերությունները Ռուսաստանի հետ: Ես համաձայն չեմ այն տեսակետի հետ, թե Ռուսաստանը կարող է պատժել Հայաստանին՝ թույլ տալով, որ վերջինս կորցնի Ղարաբաղը: Նման հարվածը Հայաստանին ցանկացած սցենարում հարված է նաև Ռուսաստանի շահերին: Եթե հակամարտությունը վերանա, ապա այն կվերացնի հայ-թուրքական հարաբերությունները բարելավելու հիմնական խոչընդոտներից մեկը, եթե ոչ՝ ամենակարևոր խոչընդոտը, իսկ Ռուսաստանի ռազմական ներկայությունը Հայաստանում կդառնա անիմաստ: Ավելին՝ Ռուսաստանի ռազմավարական դիրքերը տարածաշրջանում լրջորեն կթուլանան, քանի որ նա կկորցնի իր միակ և ամենահավատարիմ հենակետը Հարավային Կովկասում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում